Ընթանում է Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են՝ Երևանում անցկացվում է Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Ստուգատեսն այս տարի անցկացվում է «դիրիժորություն» մասնագիտական կարգում, և 12 երկրի 18 մասնակիցներ, ղեկավարելով մրցույթի պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայանում են հեղինակավոր ժյուրիին։
Մրցույթի մասնակիցներից է Յոհաննես Լյուները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Նա 34 տարեկան է։ Կրթությունը ստացել է Նյուրնբերգի երաժշտության բարձրագույն դպրոցում, Չեմպենի համալսարանում, Ռիկարդո Մուտիի անվան իտալական օպերային ակադեմիայում։ Մասնակցել է Ռիխարդ Վագների անվան երաժշտական փառատոնին և Դաշնամուր/Դիրորժորություն անվանակարգում ստացել է 1-ին մրցանակ, Լանյի դիրիժորության մրցույթին և դարձել է ֆինալիստ։ Մասնակցել է Նիկիշի անվան դիրիժորության մրցույթին՝ դառնալով կիսաեզրափակչի հաղթող։ Յոհաննես Լյուները նշում է, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հիանալի առիթ է՝ ցույց տալու իրենց մասնագիտական հնարավորությունները։ Նրա խոսքով՝ Արամ Խաչատրյանը մեծագույն կոմպոզիտորներից է, և ուրախ է մասնակից դառնալ նրա անունը կրող ստուգատեսին։ Նա նաև նշում է, որ Հայաստան է եկել հաղթելու համար։ Միաժամանակ ուսանելի է հանդիպել բազմաթիվ երաժիշտների ու տեսնել, թե ինչպես են նրանք աշխատում։ Ըստ երիտասարդ դիրիժորի՝ սա նաև կատարելագործվելու հնարավորություն է։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC) և անցկացվում է ֆեդերացիայի սահմանած կանոնների համաձայն։
Մրցութային ծրագրում ներառված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։