Վրաստանի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարաջանովի թանգարան և Մատենադարան
Հայաստանում Վրաստանի մշակույթի օրեր են. այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը:
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ Վրաստանի մշակույթի նախարարը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան: Հյուրերը թանգարանում ծանոթացել են մեծանուն կինոռեժիսորի կյանքի և գործունեության մասին պատմող վկայություններին, թանգարանի հիմնադրման պատմությանը:
Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել թանգարանի դերն ու առաքելությունը Փարաջանով արվեստագետի ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու գործում: Նա նաև թանգարանի տպավորությունների մատյանում գրառում է կատարել՝ նշելով իր հույզերն ու մաղթանքները։
Հաջորդաբար Վրաստանի պատվիրակությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։
Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և մյուս հյուրերրը շրջել են Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում, ծանոթացել հայկական գրավոր ժառանգության պահպանման համակարգին։ Օտարալեզու ձեռագրերի սրահում Վրաստանի մշակույթի նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել վրացերեն մատյանների նմուշներին։
Պատվիրակությունը շրջայց է կատարել նաև Մատենադարանբի վերականգնման բաժնում. տնօրեն Արա Խզմալյանը նրանց ծանոթացրել է հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին։
Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել Մատենադարանի գիտացուցադրական գործունեությունը և գրավոր հուշարձանների պահպանման հայկական մշակույթը։
Վրաստանի պատվիրակությունն այցելել է նաև «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալու հայկական գորգագործության արվեստին։