Երևանի թաքնված այցեքարտերից մեկը՝ Օծանելիքի թանգարան
Երևանի բիրտ շինարարական եռուզեռից անեղծ մնացած եզակի գողտրիկ, անկյուններից մեկում՝ Պուշկին փողոցի դեռևս կանգուն պատմական շինություններից մեկում, որտեղ ժամանակին բնակվել է ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Խատիսյանը, բացվել է մի յուրօրինակ թանգարան՝ Օծանելիքի թանգարանը։
Թանգարանը յուրահատուկ կոլորիտ ունի, այն նման չէ Երևանի այլ թանգարաններին իր ներկայացուցչականությամբ, այդուհանդերձ անտարբեր չի թողնում Պուշկինի փողոցով զբոսնող հետաքրքրասեր երևանցիներից և զբոսաշրջիկներին։
Թանգարանը հիմնադրել է գյումրեցի Սարգիս Ազարյանը, ով Գյումրիում արդեն իսկ ունի երկու թանգարան՝ Հումորի թանգարանը և «Ի՞նչ է սա» յուրահատուկ անվանմամբ թանգարանը։
Ինչպես InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ազարյանը՝ օծանելիքի նկատմամբ սեր ու հետաքրքրություն ունեցել է դեռ մանկուց, ավելի ուշ սկսել է օծանելիքի եզակի նմուշներ հավաքել, իսկ հետո ծնվել է օծանելիքի թանգարան ստեղծելու գաղափարը։ «Երբ որոշեցինք այս թանգարանը ստեղծել, Գյումրիում արդեն երկու թանգարան ունեինք, այնպես որ փորձը կար»,- պատմում է Ազարյանը։
Նա պատմում է, որ սկզբնական շրջանում օծանելիքի եզակի նմուշները ձեռք էր բերում Հայաստանից, այնուհետև արտերկրից, ապա սկսել է նմուշներ հավաքագրել նաև տարբեր անձանց միջոցով, աուկցիոններից, հնավաճառներից։
Բանը հասավ նրան, որ ես տարբեր մարդկանց վճարում էի, որպեսզի նրանք ինձ համար տարբեր երկրներից ձեռք բերեն օծանելիքների եզակի նմուշներ»,- շարունակում է մեր զրուցակիցը։ Երբ որոշեցի բացել այս թանգարանը, արդեն 5-6 հազար եզակի օծանելիքների նմուշներ ունեի։ Թանգարանի տարածքն էլ շատ խորհրդանշական է՝ այս տանը ապրել է ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին։ Որոշեցինք վերանորոգել իր բնակարանը և թանգարանը բացել հենց այստեղ։ (Ի դեպ նշենք, որ մինչ թանգարանի բացումը տարածքը գտնվում էր անմխիթար և բարձիթողի վիճակում, մինչդեռ պետությունը պարտավոր է հոգ տանել այսպիսի պատմական շինությունների հանդեպ)։
Ազարյանը նշում է, որ թեև թանգարանը իր տարածքով փոքր է, բայց հավաքածուի քանակով և եզակիությամբ կարող է մրցել աշխարհի ցանկացած նմանատիպ թանգարանի հետ։
Նախ նշեմ, որ մեր տարածաշրջանում սա եզակի նմանատիպ թանգարան է, հետո պետք է ասեմ, որ մեր հավաքածուում կան այնպիսի նմուշներ, որ շատ արտասահմանյան թանգարաններ ուղղակի կերազեն ունենալ։ Մենք ունենք 5-6 հազար տարեկան օծանելիքի նմուշներ, ի դեպ դրանք հայկական են։ Հետաքրքիր է, որ հայկական այդ հնանմուշները ձեռք ենք բերել արտասահմանյան աուկցիոններից՝ Իրանից, Լիբանանից, Հունաստանից, իսկ որոշ մասը 90-ականներին հայտնվել էր վերնիսաժի հնավաճառների տաղավարներում։ Ունենք շատ հետաքրքիր նմուշներ, որոնց սրվակները ձևավորվել են ժամանակի լավագույն նկարիչների կողմից։ Օրինակ՝ 20-րդ դարասկզբի պետերբուրգյան «Նովայա Զարյա» գործարանում արտադրված «Սեվերնոյե Սիյանիե» օծանելիքների սրվակը նկարազարդել է անձամբ Կազիմիր Մալևիչը։ Ունենք Նապոլեոնի ամենասիրված օծանելիքի նմուշը։ Ի դեպ այդ օծանելիքի հիման վրա հետագայում ստեղծվել է Սովետական միությամբ ամենապոպուլյար օծանելիքը՝ «Տռոյնոյ օդեկոլոնը», որը դարձել է Ստալինի ամենասիրված բույրը։ Ստացվում է, որ Նապոլեոնն ու Ստալինը օծանելիքի հարցում նույն նախասիրություններն ունեին։ Ունենք Նիկոլայ թագավորի օծանելիքներից մեկի նմուշը, որը ձեռք ենք բերել Վրաստանից, ժամանակին Թբիլիսիում ռուսական ցարերը ունեցել են նստավայր և իրենց անձնական իրերից որոշակի նմուշներ պահպանվել էին Թբիլիսիում։
Ազարյանը նշում է, որ թեև թանգարանը նոր է բացվել, բայց մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում։ Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում թանգարանը կդառնա Երևանի այցեքարտերից մեկը, քանի որ այն եզակի է ոչ միայն տարածաշրջանում, այլև հետխորհրդային ամբողջ տարածքում։
Ի դեպ՝ թանգարանում գործում է յուրահատուկ լաբորատորիա, որտեղ ստեղծվում են անհատական բույրեր այցելուների նախասիրությամբ։