երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը

Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր՝ «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործությունը:

Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված կոթողային աշխատությունը նոր խոսք է հայկական խմբերգային արվեստում: Մանկապատանեկան երգչախմբի կազմի համար գրված ստեղծագործությունում, որի ժանրին, ի դեպ, կոմպոզիտորն անդրադառնում է առաջին անգամ, օգտագործված են տարբեր ժամանակահատվածների ժողովրդական բանահյուսության նմուշները (ժողովրդական աղոթքներ, խաղիկներ, հայրեններ և այլն):

Գալահամերգի ընթացքում կայացել է նաև խմբերգաշարի գրքի շնորհանդեսը, որը նույնպես իրականություն է դարձել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և պատվերով:

  • Կիսվել: