ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արցախի ներկայացուցչության շենքը խլելու գործի շրջանակում դատարանը մերժում է ԼՂՀ կառավարությանը որպես կողմ ներգրավելու միջնորդությունը

Արցախի ներկայացուցչության շենքը խլելու գործի շրջանակում դատարանը մերժում է ԼՂՀ կառավարությանը որպես կողմ ներգրավելու միջնորդությունը

Գլխավոր դատախազության կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված Արցախի ներկայացուցչության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր համարելու վերաբերյալ վարչական գործի շրջանակում, արդեն 6-րդ անգամ դատարանը մերժում է երրորդ անձ ներգրավելու մեր դիմումը։ Այս մասին այսօր հրացիրված ասուլիսում ասել է փաստաբան Ռոման Երիցյանն՝ ընդգծելով, որ գործը քննում է վարչական դատարանի նորանշանակ նախագահ Կարեն Զարիկյանը։ 

«Մենք ունենք սեփականության իրավունքի պետական գրանցում, որի հիման վրա Արցախի Հանրապետության կառավարությանը տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, մենք ունենք այդ վկայականը և այդ վկայականը ես բազմից հրապարակել եմ։ Այդ վկայականում հստակ արտացոլված է, որ գրանցված իրավունքի սուբյեկտ է համարվում ԼՂՀ կառավարությունը, սեփականության իրավունքի վկայականը իրավահաստատող փաստաթուղթն է, պետական գրանցման ուժով, այս շենքը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականությունը։ Ընդ որում՝ այս սեփականությունը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե Արցախի Հանրապետությունում։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության լիազոր և իրավասու մարմինը կատարել է սեփականության իրավունքի պետական գրանցում ներկայացուցչության շենքի նկատմամբ։ 

 

Դատախազությունը այս հանգամանքը վիճարկում է, դիմել է դատարան, դա իր իրավունքն է, որքանով է իրավաչափ դա դնեք մի կողմ, ունի այդպիսի լիազորություն, թե ոչ, այո, ունի, դիմել է դատարան վիճարկելով սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Եվ այս պարագայում Վարչական դատարանն այլընտրանք չունի և պարտավոր է վարչական գործի մասնակից դարձնել գրանցված սեփականատիրոջը՝ ԼՂՀ կառավարությունը։ Ընդ որում, այստեղ մեր միջնորդությունը ներկայացնելու անհրաժեշտությունը անգամ բացակայում էր։ Դատարանը հայցադիմում վարույթ ընդունելու փուլում, այս հարցին պետք է անդրադառնար և գրանցված իրավատիրոջը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը ներգրավել որպես երրորդ անձ։ Նկատելով, որ դատարանը այս գործողությունը չի ձեռնարկում, ես միջնորդություն եմ հասցեագրել դատարանին, մեկ անգամ կառավարության անունից, մյուս անգամ կառավարության՝ ի դեմս Արցախի Հանրապետության անունից, երրորդ անգամ Արցախի Հանրապետության անունից, տարբեր լիազորագրեր դատարանին ներկայացնելով և այդ կապակցության դատարանի մերժումները վերաքննիչ դատարան բողոքարկելով։ 
Գործով դատավոր Զարիկյանը արձանագրում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ի ներկայացված միջնորդությունով որպես երրորդ անձ ներգրավելու ենթակա սուբյեկտ նշված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, մինչդեռ միջնորդությունը չի բովանդակում օրենսգրքի 19-րդ հոդվածի առաջին մասում թվարկված սուբյեկտներից որևէ մեկի հետ նույնականացվող տվյալներ, միջնորդությունը ընդհանրապես չի պարունակում դիմող սուբյեկտին նույնականացնող որևէ տվյալ։ 

Վարչական դատարանն ասում է ես այդպիսի սուբյեկտ չեմ ճանաչում, այդպիսի սուբյեկտ գոյություն չունի; Մենք դատարանին գրել ենք, ասում ենք՝ ո՞վ է գրանցված իրավատերը, սեփականության վկայականով, ով որ հանդիսանում է այդ սեփականության իրավունքի գրանցման իրավատեր, հասցեատեր, նրան էլ ներգրավեք՝ որպես երրորդ կողմ, բայց դատարանը տեսնելով, որ այդտեղ նշված է լինում կառավարությունը՝ չի ներգրավում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը, որպես հետևանքներ է դա մեզ զրկում է մեր լսված լինելու իրավունքից, մենք զրկում ենք վարչական դատավարությանը մասնակցելու մեր իրավունքից, պետությունը զրկում է վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իր դիրքորոշումը արտահայտելու իրավունքից, մենք անգամ չենք կարողանում որևէ փաստաթուղթ ներկայացնել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց զրկում են անգամ հնարավոր դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից և մայիսի 22-ին կայացվելու է սրա վերաբերյալ վերջնական դատական ակտը։

  • Կիսվել: