շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ադրբեջանի կողմից շրջափակումն Արցախում խնդիրներ է առաջացրել ՄԱԿ-ի՝ պարենի իրավունքի բոլոր բաղադրատարրերի հետ կապված. ՄԻՊ

Ադրբեջանի կողմից շրջափակումն Արցախում խնդիրներ է առաջացրել ՄԱԿ-ի՝ պարենի իրավունքի բոլոր բաղադրատարրերի հետ կապված. ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով խնդիրներ են առաջացել ՄԱԿ-ի կողմից առանձնացված՝ պարենի իրավունքի բոլոր չորս բաղադրատարրերի հետ կապված, այն է՝ հասանելիություն, մատչելիություն, համապատասխանելիություն և կայունություն:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝  մայիսի 11-ին հրապարակած արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակում՝  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ:
 
«Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից հատկապես ձմեռային սեզոնին:
 
Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը և եղած պետական պաշարները համաչափ բաշխելու անհրաժեշտությունը՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում է ինը ապրանքատեսակ՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից լվացքի փոշի»,-ասված է  ՄԻՊ արտահերթ զեկույցում՝ հավելելով, որ շրջափակումից առաջ Արցախում վաճառվող սննդի շուրջ 90 տոկոսը ներկրվում էր Հայաստանից և այլ երկրներից, ինչի պատճառով էլ շրջափակումը մեծապես ազդել է մատակարարվող սննդի քանակի ու բազմազանության վրա:
 
Այս ընթացքում պարենն ապահովվել է պետական պահուստի և Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով ներկրված սահմանափակ ծավալների հաշվին: Պարենային անվտանգության մակարդակը կտրուկ նվազել է 2020 թ. պատերազմի հետևանքով՝ հաշվի առնելով, որ գյուղատնտեսական բերրի հողերի գերակշիռ մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից:
 
Այս իրավունքի շրջանակներում ամենասուր խնդիրը կարելի է համարել հասանելի պարենի անհամապատասխանելիությունը տարբեր խոցելի խմբերի (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, հղի կանայք, տարեցներ) պարենային հատուկ կարիքներին՝հաշվի առնելով առկա խնդիրները պարենի բազմազանության և սննդարարության հետ կապված:
 
Զեկույցում ՄԻՊ-ն ընդգծել է, որ ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից անօրինական հսկիչ անցագրային կետի տեղադրման հետևանքով կրկնակի շրջափակման մեջ են հայտնվել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Մեծ շեն, Հին շեն և Լիսագոր համայնքները՝ կորցնելով կապը ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ։
 
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տևական ժամանակ ընդհատվել է նշված համայնքներ՝ սննդի, դեղորայքի և կենսական նշանակության տարբեր ապրանքների մատակարարումը։

  • Կիսվել: