Թուրքիայում ձյուն է տեղացել
Ուրբաթ օրը Թուրքիայի հյուսիս-արևելքում այս սեզոնի համար հազվադեպ ուժեղ ձյուն է տեղացել, մինչ երկրի այլ շրջանները պայքարում էին անտառային հրդեհների աճող թվի դեմ, հայտնում է AFP-ն։
Ըստ փորձագետների, մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը հանգեցնում է ավելի հաճախակի և ինտենսիվ եղանակային էքստրեմալ երևույթների՝ երաշտից մինչև սաստիկ շոգեր ու կարկուտ։
Ջերմաստիճանը կտրուկ նվազել է Ռիզեի լեռնային շրջաններում։ Ռիզեն քաղաք է Թուրքիայի սևծովյան հյուսիսարևելյան ափին, Վրաստանի հետ սահմանից մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա։ Ռիզեից լրագրող Գենչագա Կարաֆազլիօղլուն ասել է, որ նախկինում երբեք հուլիսին ձյուն չի տեսել։
Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ծովի մակարդակից մոտ 2500 մետր բարձրության վրա գտնվող Օվիթ-Յայլասի սարահարթի դաշտերը ձյան տեղումներից հետո պատվել սպիտակ շերտով։
Ձյունը ծածկել է առնվազն 100 կիլոմետր տարածք՝ Անզեր Յայլասիից մինչև Քաչքարի լեռների ազգային պարկ և դրանից այն կողմ։
Ամենաշատը տուժել է Արդվինը, որը գտնվում է ափից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի այլ շրջաններում ուրբաթ օրը հրշեջները պայքարում էին առնվազն 10 խոշոր անտառային հրդեհների դեմ, մամուլի ասուլիսում հայտնել է անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։
Նախարարը հայտնել է, որ Իզմիրի նահանգում բռնկված անտառային հրդեհները, որտեղ հինգշաբթի օրը երկու մարդ է զոհվել, իսկ առաջիկա օրերին, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը կհասնի Ցելսիուսի 40 աստիճանի (Ֆարենհայթի 104 աստիճան), ներկայումս հիմնականում վերահսկողության տակ են։ Նա ավելացրել է, որ դեռևս մտահոգիչ է ուժեղ քամիներից բորբոքվող կրակը, որը սպառնում է երկրի հարավարևմուտքում գտնվող Մուղլային և հարավում՝ Հաթային։ Ըստ Յումաքլըի, Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող Հաթայում կրակը վերահսկողության տակ վերցնելու համար լարված պայքար է ընթանում։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բռնկվել է 624 անտառային հրդեհ, որոնցից շատերն առաջացել են էլեկտրական մալուխների անսարքության պատճառով, ավելացրել է նա։
Երկրի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել է, որ հրդեհների հետ կապված ձերբակալվել է 44 կասկածյալ, որոնցից 10-ը կալանավորվել է։ Նա ասել է, որ նրանց մեծ մասը բանվորներ կամ ֆերմերներ են, որոնք օգտագործել են կայծեր առաջացնող տեխնիկա։