Վրաերթ՝ Սյունիքի մարզի Տանձավեր բնակավայրում․ «Opel Astra»-ն հայտնվել է ջրատարում․ կա վիրավոր
Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Տանձավեր բնակավայրի վարչական տարածքում 32-ամյա Արայիկ Օ․-ն կայանել է իր ավտոմեքենան և իջել մեքենայից, որի ժամանակ 26-ամյա Հայկ Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արայիկ Օ․-ին, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Հարությունյանը և Նարեկ Վարդազարյանը։
Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վոլոդյա Մուրադյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։



