Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ
Իրանի վրա հարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իմ կարծիքով, ցավալի է, և մենք դա տեսել ենք տարբեր կողմերից, որ շատերն են գների, այդ թվում՝ նավթի գների բարձրացումը կապել այստեղ՝ Իսրայելում տիրող իրավիճակի հետ։ Դա ափսոսանք է առաջացնում։ Մենք գիտենք, որ Իրանի վրա հարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա մեր որոշումը չէր։ Մենք աջակցեցինք ԱՄՆ-ի գործողություններին, քանի որ կարծում ենք, որ դա ճիշտ որոշում էր», - պնդել է նա։
Դանոնը սրա հետ կապված նշել է, որ Իրանի կողմից շարունակում են սպառնալիքներ հնչել ԱՄՆ-ի հասցեին։
«Այնպես որ, միշտ էլ շատ հեշտ է ամեն ինչում մեղադրել Իսրայելին, բայց սա այն դեպքը չէ», - հավելել է դիվանագետը։
Մեկնաբանելով ամերիկացիների դժգոհությունը Իրանի հետ ձգձգվող առճակատումից և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև համաձայնագրի կնքման հավանականությունը՝ Դանոնն ընդգծել է, որ այդ հարցերի լուծումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավասությունն է։
«Այդ որոշումը պետք է կայացնի նախագահ Թրամփը։ Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք միշտ կանենք անհրաժեշտ ամեն ինչ մեզ պաշտպանելու համար։ Մենք դա ապացուցել ենք անցյալում, կանենք դա ապագայում։ Մենք ունենք դա անելու հնարավորություններ։ ԱՄՆ-ն ունի իր շահերը։ Բայց, ի դեպ, եթե լսենք վերջին շաբաթներին Թեհրանից հնչող հռետորաբանությունը, նրանք սպառնում են նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախներին, ամերիկյան դեսպանատներին, ամերիկյան անձնակազմին, այնպես որ խոսքը միայն Իսրայելի մասին չէ, խոսքը ԱՄՆ-ի շահերի մասին է», - կարծում է նա։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իրանի հետ պատերազմն անվանել էր նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության պատճառը։ Այլ պատճառների թվում նա նշել էր ինֆլյացիայի աճը և Իսրայելի հետ հարաբերությունները։ Նա նաև ընդգծել էր, որ 2024 թվականին Թրամփին աջակցած շատ ամերիկացիներ երեքշաբթի քվեարկել են դեմոկրատների օգտին։


