Մենք ենք որոշում՝ պետք է մնանք, թե դուրս գանք որևէ միությունից․ Պապոյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
Հայաստանն է որոշում կայացնողը՝ մնալ որևէ միության կազմում կամ դուրս գալ։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից հնչող հարցադրումներին, թե Հայաստանը չի կարող միաժամանակ երկու միություններում լինել։
Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ է համարում։ Պապոյանը նշեց՝ հարցադրումների իրավունք ունեն, իսկ պահանջների վերաբերյալ՝ դեռ պետք է հասկանալ՝ կարող են Հայաստանից որևէ բան պահանջել, թե ոչ։
«Մենք ասում ենք՝ ԵԱՏՄ անդամ ենք, շարունակելու ենք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ էդպես համարում ենք ճիշտ։ ԵԱՏՄ-ում մեր պահանջներն ամբողջ ծավալով կատարել ենք, և կատարում ենք մեր պարտավորությունները»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք՝ ՌԴ-ն հայտարարել է, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։



