հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Ավտոմոբիլների մաքսատուրքերի ազատման արտոնության մասով քննարկումները շարունակվում են, այս պահին կոնսենսուս չկա. Պապոյան

Ավտոմոբիլների մաքսատուրքերի ազատման արտոնության մասով քննարկումները շարունակվում են, այս պահին կոնսենսուս չկա. Պապոյան

Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարությունում նախագիծ է շրջանառում, որը ենթադրում է ԱԱՀ-ի մասով մոտեցման փոփոխություն, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Նախորդիվ մեր մոտեցումը հետևյալն էր՝ մարդիկ ԱՀՀ չէին վճարում, բայց Արժույթի միջազգային հիմնադրամի և մեր հանդիպումներում գործընկերներն այդ մոտեցման մեջ խնդիր են տեսնում և համարում են, որ պետք է այնուամենայնիվ հարկերը վճարվեն:

Հիմա մի մեխանիզմ ենք մշակել, որ մինչև ինչ-որ սահմանաչափ, բոլոր մեքենաների համար վճարված ԱԱՀ-ն հետ ենք վերադարձնելու, և դա ցածր սահմանաչափ չէ: Այսօրվա դրությամբ ներմուծվող մեքենաների 90%-ն այդ սահմանաչափից ներքև են, այն 10%-ն էլ այդ սահմանաչափի չափով կազատվեն, շքեղ մեքենաների մասին է: Կներեք, եթե մարդը 120,000 դոլարանոց մեքենա է գնում, այդ ավելացված արժեքի հարկն իմ կարծիքով նորմալ է և պետք է, որ վճարվի։ 

Ինչ վերաբերում է ավտոմոբիլների մաքսատուրքերի ազատման արտոնությանը, այստեղ գիտեք, որ սա ամբողջությամբ գտնվում է ԵԱՏՄ կոլեգիայի դաշտում: Այս պահի դրությամբ, ինչպես շատ հարցերի շուրջ, նաև սրա շուրջ տարբեր կարծիք կա՝ պե՞տք է, օրինակ, ունենանք մաքսատուրքի արտոնություն, թե՞ ոչ: Բանակցությունները շարունակվում են: Ես կարող եմ ասել, որ անցած տարի այս պահին ևս չկար կոնսենսուս, բայց մենք դեկտեմբերի վերջին ունեցանք դա: Այս պահի դրությամբ, պետք է անկեղծ լինեմ, էլի չկա կոնսենսուս, բայց բանակցությունները շարունակվում են մաքսատուրքի մասով, և՛ կարող է լինել, և՛ կարող է չլինել, որովհետև սա քաղաքականության և քննարկումների հարց է»,-նշել է նա:

Գևորգ Պապոյանին արձագանքել է Տրդատ Սարգսյանը:

«Նկատում եմ՝ համացանցում որոշ աժիոտաժ կա, որը հիմնականում ստեղծել են ավտոներկրող անձիք կամ կազմակերպություններ, ովքեր իրենց գովազդում հստակ նշում են՝ վերջ, երեկ Կառավարությունում նախագիծը չանցավ և ավելացված արժեքի հարկ էլ չի գործելու, վերջին ամիսն է, հասցրեք գնել էլեկտրական մեքենաներ՝ էժան գներով»-նշել է Սարգսյանը՝ ընդգծելով՝ հարցը բարձրացնում է, որպեսզի հանրությունն իմանա՝ նման խնդիր չկա

«Անկեղծ չեմ տեսել, բայց այն, ինչ նկարագրեցիք, նվազագույնը սպառողներին մոլորեցնելու և անբարեխիղճ մրցակցության մասին է: Դրա համար Հայաստանում պատշաճ և կոնկրետ մեխանիզմներ կան՝ տուգանքի և այլն: Առաջինը՝ Կառավարության այդպիսի նիստ չի եղել, որ ինչ-որ որոշում էլ այդ մասով չընդունվի, երկրորդը՝ ենթադրում եմ՝ շատ կոնկրետ ոչ բարեխիղճ մրցակցության մասին այդտեղ հարց կա, դրա միջոցով փորձ է կատարվում ինչ-որ առավելություն ստանալ մյուսների նկատմամբ և այլն։

Ամեն դեպքում ես կխնդրեմ, եթե այդ հոլովակը կա, ինձ փոխանցեք, ես այն կփոխանցեմ պատկան մարմիններին, որպեսզի պատշաճ իրավական փորձաքննություն անցկացվի: Հատկապես ինձ մտահոգում է սպառողներին մոլորեցնելու հարցը, որ այսինքն՝ վերջ, էլ չի լինելու, եկեք առեք: Դա ենթադրում է, որ մարդը պետք է  մոտիվացվի, գնա հիմա ինչ-որ բան անի, որովհետև ապագայում դրանից չի լինելու»-ասել է Գևորգ Պապոյանը:

  • Կիսվել: