չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»,- մանրամասն ներկայացնելով սահմանվող տուգանքները՝ ասել է Արմեն Մկրտչյանը: Նա նշել է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո դատական պրակտիկայում առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն նշված հանցատեսակի քննության ընթացքում նոր հանցագործություններ կատարելը կանխելու նպատակով կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու համար:

Ըստ հիմնական զեկուցողի՝ վերջին հինգ տարում գողություններն ընդհանուր հանցագործությունների հանցակազմում նվազել են 19,5 տոկոսով: Այդուհանդերձ, տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասնաբաժինը, ըստ էության, չի փոփոխվել:

Առաջարկվող լրացումներով տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ, որը կզսպի ներկայում լայն տարածում ստացած հանցատեսակի աճը:

Արմեն Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ գողությունների բացահայտելիության քանակի նվազման վերաբերյալ:

Հարակից զեկուցող Տրդատ Սարգսյանը ներկայացրել է գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Ելույթներում պատգամավորները կարևորել են նմանատիպ կարգավորումների սահմանումն ու օրենսդրական նախաձեռնության ընդունումը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: