չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարները

Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան- Իսպանիա հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական փոխանակումների, մշակութային ժառանգության պահպանման և երկուստեք մշակութային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցությանը՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական կազմակերպություններն ակտիվորեն համագործակցում են ԵՄ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս+» ծրագրերի շրջանակում։ ՀՀ շահագրգիռ կազմակերպություններն ընդգրկված են «Էրազմուս+» ծրագրի կարողությունների զարգացման, շարժունության և վերապատրասման մի շարք նախագծերում։ Մասնավորապես` առկա են համագործակցային կապեր Իսպանիայի Սերվանտեսի ինստիտուտի, Կադիսի, Մադրիդի, Բուրգոսի, Մուրսիայի համալսարանների հետ։ Իրականացվում են նաև ուսանողների և հետազոտողների շարժունության համատեղ ծրագրեր։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ուսանողների և ուսուցիչների փոխանակման ծրագրերին, իսպաներենի ուսուցման զարգացման և տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Արտերկրում գործող մեկ տասնյակից ավելի հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում, որոնց թվում է նաև 2022 թվականից Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում գործող կենտրոնը:

Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ կողմերը կարևորել են տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցության խթանումը, միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցությունն ու փորձի փոխանակումը:

ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր աջակցությունն է հայտնել երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին՝ նշելով, որ Իսպանիան պատրաստ է կիսվելու տարբեր բնագավառներում իր լավագույն փորձով։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը։

 

  • Կիսվել: