Պռոշյանցիները երթով հասան Երեւանի տարածք. Ճանապարհը փակ է. նրանք հանդիպում են պահանջում Ավինյանի հետ
Պռոշյանում իրավիճակը լարված է, բնակիչները փակել են Երեւան-Աշտարակ մայրուղին և երթով շարժվում են Երեւան և արդեն Երեւանի վարչական տարածք են հասել: Ոստիկանները փորձում են համոզել, որ նրանք բացեն ճանապարհը:
Պռոշյանի բնակիչ Մարիամ Պետրոսյանը դիմելով ակցիայի մասնակիցներին, ասաց. «Սիրելի պրոշյանցիներ, մի գնացեք բախման, մենք այստեղ կանգնել ենք մեր իրավունքները պաշտպանելու համար, որպեսզի հարգեն մեր տեղաշարժի իրավունքը, և բոլորովին մեր օգտին չէ բախումը, զերծ մնացեք: Եթե խախտում են մեր ազատ տեղաշարժի իրավունքը, մենք նույնպես կխախտենք մյուսների տեղաշարժի իրավունքը, թույլ չենք տա այս խճուղին գործի։
Չեմ ուզում իհարկե քաղաքականացնել, բայց քանի որ միշտ մեր իշխանությունները, կառավարությունը օգտվում են GPS քարտեզներից, հիմա ասեմ, որ մենք գտնվում ենք Երևանի տարածքում և պահանջում ենք պարոն Ավինյանից, որ ավտոբուսը, որ պետք է սպասարկի Երևան քաղաքի բնակիչներին, պիտի գա այստեղից շրջադարձ անի ու հետ գնա։ Բարեհաճեք ապահովել ավտոբուսի աշխատանքը մինչև այս տարածք։
Հատկապես խնդրում ենք փոխանցել պարոն Ավինյանին, որ մենք ակնկալում ենք հանդիպում իր հետ, ասելիք ունենք իրեն: Մենք ոչ միայն Պրոշյանից Երևան գնալու հնարավորությունն ենք կորցնում, այլ նաև Երևանից Երևան գնալու, որի իրավունքը ձեզ տրված չէ:
Խնդրում և պահանջում են պրոշյացիները, որ պարոն Ավինյանը գա և հանդիպի մեզ հետ»:
Նշենք, որ նախօրեին պռոշյանցիների եւ ՏԿԵ փոխնախարարի՝ 2,5 ժամ տեւած հանդիպման արդյունքում պարզ է դարձել, որ կառավարությունը որոշումը չի փոխելու, իսկ Գագիկ Ծառուկյանին սպասարկող ընկերությունը պատրաստ է 50 դրամ էժանացնել տրանսպորտի սակագինը՝ դարձնելով 200 դրամ:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։ Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և ավելի թանկ երթուղու սպասարկման դեմ։ Ըստ բնակիչների՝ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, իսկ ուղեվճարը լինելու է 200 -250 դրամ։ Բնակիչների խոսքով՝ 25 և 59 համարների ավտոբուսներից օգտվելու դեպքում իրենք վճարում էին 150 դրամ, իսկ «Մուլտի տրանսպորտ» պատկանող թիվ 277 միկրոավտոբուսներից օգտվելու դեպքում ոչ միայն միայն ավելի թանկ պետք է վճարեն, այլ՝ այն սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ մինչև ֆիզիկայի ինստիտուտ։