շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան. ՆԳ նախարար

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան. ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 25-ին մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։

«Հարգելի՛ տիկին դեսպան, հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ:

Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամությունը խարսխված է ամուր պատմական կապերի ու վստահության, հարգանքի ու ընդհանուր ժողովրդավարական արժեհամակարգի վրա:

Մեր միջպետական հարաբերությունների երեք տասնամյակների ընթացքում մենք նաև ամուր հիմք ենք ստեղծել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և բազմաշերտ համագործակցության համար:

Ուրախ եմ արձանագրել, որ այս տարի մարտից մեկնարկած Հայաստան-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան` ուղենշելով համագործակցության խթանման նորանոր ուղղություններ և հեռանկարներ։ Այս երկխոսությունը կոչված է ոչ միայն ամրապնդելու մեր երկու ժողովուրդների միջև կապերն, այլև նպաստելու տարածաշրջանային և գլոբալ կայունությանը։

Մենք մեծապես կարևորում ենք Նիդերլանդների հետ համագործակցությունը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում: Վերջին ժամանակահատվածում Հայաստան-ԵՄ հարաբերությունները էականորեն զարգացել են գրեթե բոլոր ուղղություններով: Մենք հավատում ենք, որ Հայաստան-ԵՄ բանակցվող նոր գործընկերության օրակարգը, ինչն իրապես արտացոլում է ԵՄ-ի հետ մեր բազմաշերտ երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված առաջընթացը, լրացուցիչ լիցք կհաղորդի մեր փոխգործակցության խորացմանը՝ Հայաստանի՝ ԵՄ-ի և առավել լայն եվրոպական համայնքի հետ մերձենալու հանձնառության համատեքստում:

Հայաստանը խորին հարգանք է տածում Նիդերլանդների նկատմամբ՝ որպես ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պահպանման առաջատար երկիր։ Մենք բարձր ենք գնահատում երկկողմ համագործակցությունը, հատկապես՝ ներքին գործերի, ոստիկանության, հանցագործությունների դեմ պայքարի և արտակարգ իրավիճակների ոլորտներում։ Նիդերլանդների փորձը մեզ համար արժեքավոր է։

Արժանին պիտի մատուցենք նաև այն հետևողական աջակցությանը, որ Նիդերլանդները ցուցաբերում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Լիահույս եմ, որ առաջիկա տարիները կնշանավորվեն նոր ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Եվս մեկ անգամ շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Թագավորական ընտանիքին, Նիդերլանդների Թագավորության կառավարությանը և բարեկամ ժողովրդին:

Շնորհակալություն»,- ասված է նախարարի ելույթում:

  • Կիսվել: