Ֆրանսիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կլիշիում, Մեդոնում և Կրետեյում ապրիլի 24-ին անցկացվել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություններ։
Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Կլիշի քաղաքում անցկացված միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը և Կլիշիի քաղաքապետի առաջին տեղակալ Ստեֆան Կոշպենը։
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ ծաղկեպսակներ են զետեղել Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոժե Կառուչին, դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Կլիշիի քաղաքապետի առաջին տեղակալ Ստեֆան Կոշպենը, ինչպես նաև՝ ծաղկեպսակներ են զետեղվել Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի և Օ-դե-Սեն դեպարտամենտի նախագահների անունից։
Արարողությանը ներկա են եղել նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի, Օ-դե-Սեն դեպարտամենտի և Կլիշի քաղաքի խորհուրդների անդամներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Վալ-դը-Մարն դեպարտամենտի Կրետեյ քաղաքում՝ Ֆրանսիայի համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, դեպարտամենտի մակարդակով տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ՀՀ դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանի, Վալ-դը-Մարնի պրեֆեկտ Էտյեն Ստոսկովի, Կրետեյի քաղաքապետ Լորան Կատալայի, Վալ-դը-Մարն դեպարտամենտից ընտրված պատգամավորներ Մաթյո Լեֆևրի և Սիլվեն Բերիոսի, Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդական Թիերի Հեբրեշտի, ով ներկայացնում էր ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին, Կրետեյի ակադեմիայի ռեկտոր Ժան-Ֆրանսու Շանեի, «Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանի, ռեգիոնալ, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, ֆրանսահայ համայնքի ու հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ծաղկեպսակներ են զետեղել հուշարձանի առջև։
Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել ՀՀ դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը և Վալ-դը-Մարնի պրեֆեկտ Էտյեն Ստոսկովը։
Երաժշտական կատարումներով են հանդես եկել Վալ-դը-Մարն դեպարտամենտի Ալֆորվիլ քաղաքում գտնվող Սուրբ Մեսրոպ Արաբյան դպրոցի սաները։
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել նաև Ֆրանսիայի Մեդոն քաղաքում։
Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը, Մեդոնի քաղաքապետ Դենի Լարգերոն, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։
Ներկա են եղել նաև ֆրանսահայ կառույցների, ինչպես նաև՝ տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում մասնակիցները նաև ծաղկեպսակներ են զետեղել Մեդոնի՝ Արարատ լեռը պատկերող հայկական հուշակոթողի առջև, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը: