ՆԱՏՕ-ն քայլեր է ձեռնարկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար. Լավրով
«Եվրոպացիներին, ի վերջո, հարկ կլինի ներառել ուկրաինական կարգավորման գործընթացում։ Սա, ամեն դեպքում, մեկ ընդհանուր տարածաշրջան է»,– հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հավելել է, որ Եվրոպան շարունակում է անվտանգության ճարտարապետությունը կառուցել Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե Ռուսաստանի հետ։
Արևելաասիական գագաթնաժողովի ավարտին Լավրովը նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներն ակտիվ քայլեր են ձեռնարկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գրեթե բացահայտ հայտարարում են Չինաստանին զսպելու մտադրության մասին։
Անդրադառնալով Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի առաջիկա եռակողմ հանդիպմանը՝ դիվանագետը նշել է, որ նրանք կարծիքների ազատ փոխանակման հնարավորություն կունենան։ Լավրովի խոսքով՝ հանդիպման օրակարգն արդեն ձևավորված է։



