Շենգավիթում 35-ամյա տղամարդը սրճեփ սարքերից գողություն է կատարել (տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օրերս բացահայտել են սրճեփ սարքերից կատարված գողության մի քանի դեպք։ Առաջին դեպքով ահազանգը ստացվել էր դեռևս սեպտեմբերի 24-ին։ Բագրատունյաց պողոտայում գտնվող մի ընկերության ներսում տեղադրված սարքը բացել էին հարմարեցված բանալիով և տարել մոտ 80 հազար դրամ։
Համայնքային ոստիկանների միջոցառումներն արդյունք տվին նոյեմբերի 4-ին։ Առավոտյան ժամը 8-ին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ 35-ամյա տղամարդը ձերբակալվեց իր տանը։ Շենգավիթի բաժնում նա խոստովանեց արարքը և հավելեց, որ նույնատիպ գողություն կատարել է նաև Բագրատունյաց պողոտայի այլ հասցեում։
Երկրորդ դեպքը կատարվել էր հոկտեմբերի 24-ին։ Շիրակի փողոցում կոտրել էին սրճեփ սարքը և գողացել մոտ 90 հազար դրամ։
Համայնքային ոստիկանները պարզել են կատարողի ինքնությունը։ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում բնակվող 26-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։



