Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին, Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Կարապետյանը և Վիրապ Գուլոյանը։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։



