հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան

Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։

«Պաշտպանը վերահաստատում է՝ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»։

Բարձաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` պատգամավորների կողմից բռնության ցանկացած դրսևորում նպաստում է հասարակությունում բռնությունը որպես տարաձայնությունների լուծման միջոց ընկալելու և այն արդարացնելու մոտեցումների տարածմանը։

Հանրային խոսքում և վարքագծում բռնության բացառումը պետական իշխանության ներկայացուցիչների պատասխանատվությունն է։

Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է բացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծն, այլ նաև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք:

Միջադեպը պետք է օրենքով սահմանված կարգով դառնա պատշաճ քննության առարկա:

Նման միջադեպերն էլ ավելի են խորացնում բռնությունն արդարացնող այն մոտեցումները, որոնց անընդունելիությանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել էր ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով հրապարակային քննարկումների առնչությամբ տարածած հայտարարությունում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել կառավարող ուժի ու ընդդիմադիր պատգամավորների միջև: Հենց նիստերի դահլիճում ելույթների ընթացքում օրենսդիրի անդամները հարձակվել են միմյանց վրա և փոխադարձ հարվածներ հասցրել: ԱԺ նախագահը նախ ընդմիջում չի հայտարարել, որպեսզի վիճաբանության կողմերը զբաղեցնեն իրենց տեղերը: Մոտ 10 րոպե անց, երբ իրավիճակը թեժացել է, ստիպված է եղել ընդմիջում հայտարարել: Ծեծկտուքը շարունակվել է նաև միջանցքում:

  • Կիսվել: