Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին
Նոյեմբերի 1-ից գործարկվելու է ՀՀ-ում սպասված բիոմետրիկ նոր համակարգը։ Ուզում եմ փաստել, որ այսօր և վաղը վերջին երկու օրերն են հնամաշ ենթակառուցվածքի գործարկման համար։ Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 29-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Մենք մոբիլիզացրել ենք մեր ամբողջ ռեսուրսը, որ մինչ այս պահը ստացած բոլոր դիմումները կարողանանք սպասարկել և տպագրել հին նմուշի փաստաթղթեր, իսկ նոյեմբերի 1-ից կկարողանանք նոր նմուշի փաստաթղթեր տրամադրել քաղաքացիներին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ընթացակարգին, ապա առաջին անգամ ներդրվելու է նախագրանցման ինստիտուտը, որպեսզի քաղաքացին մինչև գրասենյակ գալը կարողանա ամբողջ պրոցեսն իրականացնել թվային պլատֆորմում՝ տնից կամ որևէ այլ վայրից, որտեղից իրեն հարմար կլինի։ Պետությունը՝ ի դեմս ՆԳՆ-ի, մինչև գրասենյակ մուտք թույլ տալը բնակչության պետական ռեգիստրով կիրականացնի քաղաքացու ամբողջական ստուգումը, և պետության կողմից կանաչ լույս ստանալուց հետո անձը կարող է այցելել մասնավոր գրասենյակ։
«Նախագրանցման շրջանակում գրասենյակ այցելելու համար մեյլին ստանալու ենք QR-կոդ, և կարևորն այն է, որ վճարումն ամբողջովին իրականացվելու է մինչև գրասենյակ այցելությունը, որովհետև անկանխիկ վճարման տրամաբանության մեջ պլատֆորմով պիտի իրականացնենք վճարումներ և գանք գրասենյակ, հանձնենք միայն մատնահետք, լուսանկարահանվենք մասնավոր գործընկերոջ գրասենյակում, և այդքանով կավարտվի մեր գործարքը»,- պարզաբանեց նախարարը։
Քաղաքացուն կտրվի նաև ինքնասպասարկման Kiosks սարքերից օգտվելու հնարավորություն, որը թույլ կտա երկու պրոցեսներն էլ առանց որևէ ծառայողի հետ շփման ավարտել՝ ինքնուրույն նկարվել, ինքնուրույն հանձնել մատնահետք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ վատ լուրն այն է, որ բոլորիս կյանքի՝ տասնյակ տարիների անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են, և մարդկանց՝ անձնագիր ստանալու տեղը փոխվում է։ Նոյեմբերից ամբողջ հանրապետությունում կգործի 14 գրասենյակ, որոնցից 2-ը՝ Երևանում։ Մայրաքաղաքի գրասենյակները կգործեն մոլերում։
«Հայաստանում բիոմետրիկ անձնագիր ունեցողները սահմանը հատելու են առանց սահմանապահի հետ որևէ կոնտակտի, այսինքն՝ հիմա մենք արդեն աշխատում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում կամ անցակետերում կենսաչափական անձնագիր ունեցողն անձնագիրը դնի, դուրս գա, իսկ այլ երկրներում՝ կախված նաև մեր երկկողմ պայմանավորվածություններից։
Օրինակ՝ կարող ենք Ֆրանսիայի կամ ԵՄ-ի հետ պայմանավորվել, որ տվյալների փոխանակում ենք իրականացնում, այսինքն՝ դրսում էլ գնալ-գալիս [քաղաքացին] սահմանային կետերը հատում է բիոմետրիկ անձնագրով, այսինքն՝ անձնագիրը նայելու, ճմռթելու, կծելու՝ էս գործողությունները դուրս են գալիս։ Սա շատ մեծ կոմֆորտ է ապահովում մարդու շարժունակության համար։
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման պրոցեսում սա ունի անկյունաքարային նշանակություն»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սրանով ՀՀ-ում թվայնացման նոր էջ է բացվում, իսկ բիոմետրիկ անձնագրերը համապատասխանելու են միջազգային ամենաբարձր որակի ստանդարտներին։
Նախարար Սարգսյանը նաև տեղեկացրեց՝ նրանք, ում անձնագիրը կամ նույնականացման քարտը դեռ վավեր է, կարող են այն օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Իսկ երբ ցանկություն ունենան ստանալու բիոմետրիկ փաստաթուղթ, պետք է հանձնեն իրենց մոտ եղած բոլոր փաստաթղթերը։



