հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին, հայտնում են նախարարությունից։

«Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով Մոնիկա Սանդրիին, կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ հետագա տարիներին համագործակցությունն ավելի կամրապնդվի:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները՝ մասնավորապես շեշտադրելով կրթության համընդհանուր ներառականության, մատչելիության և փախստական երեխաների կրթության գործընթացում լիարժեք ներգրավման ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Նա կարևորել է նաև օտարազգի երեխաների համար կրթության իրավունքի իրացման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծումը, այդ թվում՝ հայերենի ուսուցման տեսանկյունից: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն մեկնարկել է Հայերենի իմացության, ստուգման և գնահատման միասնական համակարգի ներդրման նոր ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է մշակել լեզվի իմացության վեցաստիճան (համապատասխանաբար` A1, A2, B1, B2, C1, C2) համակարգ: Նոր համակարգի գործարկումից և կարիքների գնահատումից հետո կմշակվեն հայերենի ուսուցման դասընթացներ տարբեր տարիքի անձանց համար:

Մոնիկա Սանդրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ինտեգրումը սահուն կազմակերպելու ուղղությամբ: Նա վերահաստատել է գրասենյակի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ԿԳՄՍ նախարարության հետ՝ նպատակ ունենալով նպաստել ԼՂ-ից տեղահանվածների կրթական իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև մշակութային և սոցիալական ինտեգրմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կեցության և սոցիալական հարցերի լուծմանը զուգահեռ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աջակցության ծրագրեր՝ ուղղված տեղահանված երեխաների կրթական իրավունքի իրացմանն ու ՀՀ կրթական հաստատություններում ընդգրկմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը միաժամանակ կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ ընդգծելով ազգային ինքնության անբաժանելի մաս համարվող ավանդույթների, լեզվական առանձնահատկությունների, մշակութային ինքնարտահայտման ձևերի արժևորումը:

Կողմերը քննարկել են նաև փախստական երեխաների սոցիալական ներառման գործընթացում մշակութային և սպորտային ծրագրերի դերը՝ որպես ինտեգրման հարթակներ: Կարևորվել են նաև հոգեբանական աջակցության և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

  • Կիսվել: