չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կառավարությունը հաստատեց Սևանում  ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, որսի կարգը

Կառավարությունը հաստատեց Սևանում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, որսի կարգը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշման նախագծին։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ոռաջին անգամ է նման կարգավորում տրվում։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճի՝ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։ Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով։

Ներկայումս կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման ոլորտը կարգավորվում է «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական  և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով։

Սակայն հաշվի առնելով Սևանա լճի առանձնահատկությունները կարելի է փաստել, որ գործող իրավական ակտերը լիարժեք չեն կարգավորում Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման գործընթացները։

 

 

  • Կիսվել: