ԶՊՄԿ կողմից ստեղծված AI Մինասը ամփոփել է Mining Armenia 2026-ի առաջին օրը՝ հանքարդյունաբերության ոլորտում աճող հետաքրքրությունը վերածել իրական նախագծերի
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ջանքերով Mining Armenia 2026 ֆորումի համար ստեղծվել է հատուկ AI գործիք Մինաս անունով, որը պետք է հավաքագրի և ամփոփի պանելային քննարկումների ժամանակ բարձրացված ակտուալ խնդիրները և դրանց լուծման առաջարկները։
Այսօր Մինասը ամփոփել է առաջին օրվա բարձրացված ամենակարևոր խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։ Որպես առաջին բարձրացված խնդիր՝ Մինասը մատնանշել է ընդերքօգտագործման թույլտվությունների երկար և անկանխատեսելի գործընթացները, որոնց տրման ժամանակ հաճախ չեն պահպանվում օրենքով սահմանված ժամկետները։
Երկրորդ խնդիրը վերաբերվում է երկրաբանական հետազոտությունների տվյալների անվստահելիությունը և ոչ բավարար ծավալներին։ Ըստ բանախոսների այդ տվյալները հաճախ հնացած են և մնացել են դեռևս սովետական շրջանից։
Բանախոսների կողմից բարձրացրած երրորդ առանցքային խնդիրը՝ համայնքային լսումների գործընթացի հետևանքով հանքարդյունաբերական գործընթացի ձգձգումն է։
Որպես նշված խնդիրների լուծումներ, ֆորումի ընթացքում բանախոսների կողմից հնչել են հետևյալ առաջարկները՝ ընդերքօգտագործման թույլտվությունների, այդ թվում հողային հարցերի մեկ փաթեթային լուծում, օրենքով սահմանված հստակ ժամկետներում, միջազգային ստանդարտներին համահունչ կայուն զարգացման չափանիշների ներդրում, հանքարդյունաբերության բնապահպանական, սոցիալական և կառավարման բաղադրիչների չափելի ստանդարտների ներդրում, երկրաբանական հետազոտությունների տվյալների արդիականացում և թվայնացում, համայնքային լսումների կարգի օրենսդրական կարգավորում՝ ապահովելով համայնքի կարծիքի ներկայացումը, սակայն վերջնական որոշումը վերապահելով պետությանը՝ հաշվի առնելով բնապահպանական և համայնքային լավագույն շահերը։
Միջազգային փորձագետները իրենց հերթին ընդգծել են, որ պղնձի և մոլիբդենի աճող համաշխարհային պահանջարկից պետք է օգտվի նաև Հայաստանը՝ նոր երկրաբանական հետազոտություններ կատարելով և նոր հանքավայրեր շահագործելով։
Միևնույն ժամանակ կարևորվել է միջազգային հուշագրերի կոնկրետ ծրագրերի վերածելու գործընթացը՝ հաշվի առնելով տարածաշրջանային մրցակցության աճը։ Երեկվա նիստի գլխավոր ուղերձն էր՝ միջազգային աճող հետաքրքրությունը վերածել իրական նախագծերի։



