Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու առաջարկը պայմանավորված է եղել բացառապես կենդանիների անվտանգությունն ու մասնագիտական խնամքն ապահովելու անհրաժեշտությամբ՝ հերքելով գործընթացը քաղաքական նպատակների հետ կապելու փորձերը։
«Գագիկ Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր: Գլխավոր թեզը գործարարին և քաղաքական ուժի առաջնորդին առնչվող քննչական գործողություններն ու կենդանիների համար այս փուլում, թերևս, ամենահարմար ու անվտանգ հանգրվան ապահովելու առաջարկը փոխկապակցելն ու , որ ամենաանհեթեթն էր, կենդանիներից մեկի անկման ցավալի փաստը որպես քաղաքական հաշվեհարդար մատուցելը:
Այո, ցավալի էր շատ, որ կենդանիներից մեկը, մասնավորապես՝ էգ առյուծը, սեդացիայից հետո չարթնացավ, բայց սա մասնագիտական խոսակցություն է՝ քայլերի ու հնարավոր սխալների տիրույթում, ինչը կարելի էր ենթադրել ու սուբյեկտիվորեն կամ օբյեկտիվորեն վիճարկել, բայց առնվազն դժվար չէր նաև կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորությանը՝ գեներացնելով դավադրապաշտության մի ամբողջ տեսություն, ինչն արդեն ոչ այնքան սրտացավություն է, որքան մանիպուլյացիա, ցավալի դեպքը արագ փաթեթավորելու և մարդկանց թիրախավորելու գործիք, պարզ դեմոնիզացիա:
Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը, արձանագրենք մի փաստ՝ իրավական գործընթացով պայմանավորված կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո, սա էր առաջարկի ու տեղափոխման միակ, ոչ քաղաքական, բացառապես՝ բնապահպանական մղումը»,- գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը:
Նշենք, որ ըստ Կենդանաբանական այգու հաղորդագրության՝ կենդանու մոտ արձանագրվել են ներքին օրգանների ախտահարումներ՝ փայծաղի, լյարդի, թոքերի և սրտի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև լեղապարկի փոփոխություններ, ճարպակալում և որովայնի խոռոչում հեղուկի առկայություն։
Ըստ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հաղորդագրության՝ անկած առյուծը տարեց էր և լեուցիստ (գենետիկական առանձնահատկություն, որն արտահայտվում է բաց գունավորմամբ և հաճախ զուգորդվում է բնածին թաքնված հիվանդություններով): Նաև նշվել էր, որ խոշոր կատվազգիների դեպքում ցանկացած միջամտություն արվում է քնեցման եղանակով, և եթե նույնիսկ տեղափոխումը կազմակերպվեր և իրականացվեր ոչ արտակարգ իրավիճակում, միևնույն է, ռիսկերն անխուսափելի էին:
ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա:



