ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Հունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Հունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Հունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն ընդգծում է համաշխարհային հանրության հանձնառությունը՝ կանխարգելելու թմրամոլությունը և կասեցնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։

ՀՀ ներքին գործերի նախարարությունը համակարգային և նպատակային քայլեր է ձեռնարկում՝ կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները՝ հանցավոր ցանցերի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ։

Չափազանգ կարևոր էր, որ այս տարվա մայիսին Կառավարությունը հաստատեց Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, դեռևս 2024 թվականին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստում, Հայաստանի անունից հանդես էր եկել հանձնառությամբ՝ մշակելու թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարություն:

«Հարգելի՛ գործընկերներ, Թմրամիջոցների դեմ պայքարի քաղաքականության միջազգային բոլոր պարտավորությունների կատարումն ընդլայնելու և թմրամիջոցների չարաշահման, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի մշակման և արտադրության, ինչպես նաև այդ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ռեկորդային ծավալների մարտահրավերներին դիմակայելու նպատակով, ինչպես նաև 2019 թվականի նախարարական (թիվ 2) Հռչակագրի ընդգծմանը համապատասխան՝ ես պարտավորվում եմ Հայաստանի Հանրապետության անունից մշակել «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Ռազմավարության ընդունմամբ սկիզբ է դրվել նոր քաղաքականության՝ հիմնված կանխարգելման, բուժման, վերահսկողության և վերաինտեգրման սկզբունքների վրա։

2025 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 173 կգ տարբեր տեսակի թմրամիջոց՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 134 կգ-ով ավելի։

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում ՆԳ նախարարությունը շեշտը դրել է արտադրության և ներմուծման շղթաների վրա, ինչը հնարավորություն է տալիս իրավիճակն առավել վերահսկելի պահել։

Այս համատեքստում ՆԳՆ ոստիկանությունն առանձնահատուկ կարևորում է հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում։

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում ՆԳ նախարարությունը սերտորեն համագործակցում է ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ներպետական այլ իրավապահ մարմինների հետ՝ ապահովելով համադրված և համակարգված մոտեցում։

Ապօրինի թմրաշրջանառության դեմ արդյունավետ պայքարը հանրային անվտանգության հարց է, քանի որ այս հանցատեսակը ուղիղ հարվածում է բնակչության առողջությանը։

ՆԳ նախարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը՝ թմրամիջոցներից զերծ, անվտանգ և առողջ հասարակություն ձևավորելուն։

  • Կիսվել: