շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում

Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում

Վիեննայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ հունիսի 26-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությամբ Վիեննայի միջազգային կենտրոնում կայացել է Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված բարձրաստիճան միջոցառում՝ «Թմրամիջոցների համաշխարհային խնդիրը. տևական հարցեր, արդի մարտահրավերներ և նորարարական արձագանքներ» խորագրով։

Միջոցառմանը բացման ելույթներով հանդես են եկել դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի գործադիր տնօրեն Մոնիկա Քաթինա Ջուման։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Թմրամիջոցների՝ 2026 թ. համաշխարհային զեկույցի շնորհանդեսը։ ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի կողմից պատրաստված զեկույցը մանրամասն ներկայացնում է թմրամիջոցների համաշխարհային շուկայի զարգացումները, ապօրինի շրջանառության միտումները, ինչպես նաև թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային քաղաքականության վրա ազդող հիմնական մարտահրավերները։

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր ելույթում, մասնավորապես, ընդգծել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի առանձնահատուկ պատասխանատվությունը գնահատելու իրականացված աշխատանքը, վեր հանելու ոլորտում առկա զարգացումները, կանխատեսելու ի հայտ եկող սպառնալիքները և, անհրաժեշտության դեպքում, կայացնելու համատեղ որոշումներ՝ թմրամիջոցների համաշխարհային վերահսկողության համակարգն ամրապնդելու համար։ Նա ընդգծել է Թմրամիջոցների համաշխարհային զեկույցի կարևորությունը այս աշխատանքները ամփոփելու, համակարգելու և ապագա ջանքերը նախանշելու ուղղությամբ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի նախագահ Սեվիլ Աթասոյը, Եվրոպական Միության Թմրամիջոցների գործակալության գործադիր տնօրեն, դոկտոր Լորեյն Նոլանը, Վիեննայում հավատարմագրված մշտական ներկայացուցչությունների տասնյակ ղեկավարներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների անդամներ։

  • Կիսվել: