հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
ՀՀ-ն սատարում է ԱՀԿ-ի շրջանակներում արդար, բազմակողմ առևտրային համակարգի մշակման գաղափարին

ՀՀ-ն սատարում է ԱՀԿ-ի շրջանակներում արդար, բազմակողմ առևտրային համակարգի մշակման գաղափարին

Հուլիսի 2-ին Սևիլիայում՝ զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել միջազգային առևտրային համակարգի առջև ծառացած մարտահրավերներին` ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը հատկապես դեպի ծով ելք չունեցող, առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների համար։ Այս համատեքստում ընդգծվել է Զարգացմանն ուղղված ֆինանսավորման 4-րդ միջազգային համաժողովի եզրափակիչ փաստաթղթի՝ «Սևիլիայի կոմպրոմիսի» միաձայն ընդունումը՝ որպես կարևոր հանձնառություն՝ ուղղված ֆիզիկական ու թվային առևտրային ենթակառուցվածքների զարգացմանը և տարածաշրջանային ու համաշխարհային շուկաների ինտեգրման խթանմանը, այդ թվում՝ դեպի ծով ելք չունեցող երկրների համար։

ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ Հայաստանը՝ որպես միջին եկամուտ ունեցող երկիր, սատարում է Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում համընդհանուր, օրինահեն, բաց, արդար, կանխատեսելի և ներառական բազմակողմ առևտրային համակարգի մշակման գաղափարին։

Անդրադառնալով կայուն տնտեսական զարգացման գործում գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ներուժին՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում Հայաստանի առաջնայնությունները և գրանցված ձեռքբերումները՝ ընդգծելով թվային էկոհամակարգերի դերն առկա թվային բացերի հասցեագրման և փոխկապակցվածության բարելավման գործում։

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կայուն և երկարաժամկետ տնտեսական զարգացման առանցքում գտնվող տրանսպորտային ուղիների զարգացման կարևորությանը: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ ուղղված Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնված բոլոր պետությունների ինքնիշխանության և ազգային իրավազորության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:

  • Կիսվել: