Ադրբեջանում բնակվող ռուսաստանցիները հայտնել են իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասին
Ադրբեջանում բնակվող ռուսաստանցիները, նրանց թվում՝ նաև զբոսաշրջիկները, հայտնել են իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասին՝ ոստիկանության աշխատակիցներ ներկայացող քաղաքացիների կողմից: Այս մասին այսօր հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Բաքու քաղաքում վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ հարցումներ է ստացել Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով։ Նրանք հայտնել են քաղաքացիական հագուստով անձանց իրենց բնակության վայրեր ժամանելու մասին (որոնցից մի քանիսը ներկայացել են իբրև ոստիկաններ), ովքեր հետաքրքրվել են ռուսաստանցիների երկրում գտնվելու նպատակների մասին և ստուգել նրանց փաստաթղթերը։ Ըստ դեսպանատան հետ կապ հաստատած որոշ անձանց՝ իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել»:
Նշենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի իշխանությունները «Sputnik Азербайджан» գործակալությունից, որը «Россия сегодня» մեդիա խմբի մաս է կազմում, ձերբակալել են յոթ անձի։ «Sputnik Азербайджан»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանավորվել են չորս ամսով։
Խմբագրության աշխատանքը արգելափակված է, կալանավորվածների հետ շփում չկա՝ ո՛չ հյուպատոսական աշխատակիցներին, ո՛չ էլ հարազատներին թույլ չեն տալիս հանդիպել լրագրողներին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն ուշադիր հետևում է «Sputnik Азербайджан»-ի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալության մասին տեղեկությանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ Բաքվի հետ անմիջական շփումների միջոցով հնարավոր կլինի ապահովել ձերբակալված լրագրողների ազատ արձակումը: