Եկատերինբուրգի դատարանը ձերբակալել է ութերորդ ադրբեջանցուն՝ կազմակերպված հանցախմբի անդամների սպանության գործով
Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը քրեական խմբի գործով ութերորդ մեղադրյալ Ազիզ Աբասովի նկատմամբ նախնական կալանք է նշանակել մինչև հուլիսի 19-ը: Այս մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը քննարկել է քննիչի միջնորդությունը և կասկածյալ Ազիզ Աբասովի համար խափանման միջոց է ընտրել կալանքը մինչև հուլիսի 19-ը»:
Հունիսի 28-ին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հայտնեց Եկատերինբուրգում նախորդ տարիներին կատարված սպանությունների հետ կապված հանցավոր խմբավորման վեց անդամների ձերբակալման մասին։
Հետաքննիչների տվյալներով՝ մեղադրյալները, որոնք էթնիկ հանցավոր խմբի անդամներ էին, ներգրավված են եղել Ուրալի մայրաքաղաքում 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք սպանությունների և սպանության փորձերի մեջ։ Մինչ այդ դատարանը յոթ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել մինչև հուլիսի 19-ը կալանքը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլկովիխին՝ Եկատերինբուրգում ձերբակալությունների կապակցությամբ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուսաստանցի դիվանագետին Ադրբեջանի ԱԳՆ կանչը, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ նա տվել է անհրաժեշտ բացատրությունները, և իրավիճակն իրավապահ մարմինների աշխատակիցների վերահսկողության տակ է։ Ըստ Զախարովայի՝ կասկածյալները «Ռուսաստանի քաղաքացիներ են, ծնունդով Ադրբեջանից»։