երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ՀՀ հինգ մարզերում մինչև սեպտեմբերի 13-ը 18 միլիոն 310 հազար քառ․ մետր տարածք աղտոտված էր ականներով և չպայթած զինամթերքով

ՀՀ հինգ մարզերում մինչև սեպտեմբերի 13-ը 18 միլիոն 310 հազար քառ․ մետր տարածք աղտոտված էր ականներով և չպայթած զինամթերքով

«Ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 4 վտանգավոր մարզեր ունենք, որտեղ  կարելի է հանդիպել ականների կամ չպայթած զինամթերքի։ Դրանք  են Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը և Վայոց ձորը»,- հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով ՀՀ տարածքում ականազերծման աշխատանքների և դրանց ընթացիկ վիճակի մասին, այս մասին նշեց, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը։ Հախնազարյանի խոսքով, ականներով աղտոտված մարզերում 7 հազար և ավելի քաղաքացի է իրազեկվել ականների հետ վարվելու կանոնների վերաբերյալ։
«Իրազեկման աշխատանքներ հիմնականում կատարվում են այս մարզերում։ Կենտրոնի կողմից պարբերաբար իրականացվում են այցելություններ ականային  վտանգ կրող բնակավայրեր »,- նշեց նա։ 

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանն էլ նշեց․  «Մինչև 2020 թ-ը ունեինք աղտոտվածության այլ մակարդակ։ Մեր տարածքներն աղտոտված էին  նախկին ԽՍՀՄ  զինամթերքներով,  իսկ 20-ից հետո  բախվեցինք մի խնդրի, որի հետևանքով ՀՀ տարածքն աղտոտվեց նաև այլ երկրների արտադրության զինամթերքներով։ Նախկինում ունեինք կասետային զինամթերքով աղտոտված տարածքներ, հիմա ունենք նաև կլաստերային զինամթերքով, որը շատ վտանգավոր  է և միջազգայնորեն արգելված է օգտագործել բնակավայրերի ուղղությամբ»,- Մարտիրոսյանի խոսքով, մինչև  44-օրյա պատերազմը կլաստերային զինամթերքով աղտոտված էր միայն Կոռնիձոր բնակավայրը, այժմ պատկերն այլ է։ Այս չպայթած զինամթերքը, մասնագետի խոսքով, վտանգավոր է հատկապես երեխաների համար, քանի որ կարող է գրավիչ լինել և նրանք էլ ձեռք տան։ 

Կարինե Հախնազարյանը նշեց նաև, որ այժմ իրականացվում են ականների հայտնաբերման ոչ տեխնիկական աշխատանքներ, որոնք մշտական բնույթ են կրում։ 

«Սյունիքի,Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի մարզերում արված հետազոտություններով մինչև սեպտեմբերի 13-ը ՀՀ-ում ունեինք 18 միլիոն 310 հազար քառ․  մետր  աղտոտված տարածք։ Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո տարածքների կրկնակի հետազոտություն կիրականացվի, պատկերը, գուցե, փոխվի»,- նշեց Հախնազարյանը։ 

Մինասյանն էլ հավելեց, որ որոշ վայրերից, որոնք ընդգրկված չեն ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված բնակավայրերի ցանկում, արդեն կան ահազանգեր չպայթած զինամթերքի վերաբերյալ։ Խոսքը,մասնավորապես, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մասին է։ 

Ինչպես տեղեկացրեցին բանախոսները, 1990-ականներից մինչև օրս ՀՀ-ում ականներից տուժել  է 829 քաղաքացի։  

  • Կիսվել: