Միջերկրական ծովում մոտ մեկ միլիոն բարել նավթ տեղափոխող հունական նավթատար լցանավի վրա պայթյուն է տեղի ունեցել
Լիբիայի ափերի մոտակայքում մոտ մեկ միլիոն բարել նավթ տեղափոխող հունական նավթատար լցանավի վրա պայթյուն է տեղի ունեցել, որը կաթվածահար է արել նավի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ մանրամասնելով, որ, բարեբախտաբար, զոհեր չկան, շրջակա միջավայրին վնաս չի պատճառվել:
Ինչպես հայտնել է TMS Tankers-ի անձնակազմը՝ պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող Vilamoura լցանավի մեքենայական սենյակում՝ Լիբիայի ափից մոտ 165 կիլոմետր հեռավորության վրա։
Ըստ հաղորդագրության՝ շարժիչի սենյակը ջրի տակ է անցել, ինչի հետևանքով նավի աշխատանքը կաթվածահար է եղել։
Լցանավը քարշակելու են Հունաստան երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը։
Պայթյունի պատճառը չի հաղորդվել։ Նավը լքել էր լիբիական Զեյտինա նավահանգիստը և Միջերկրական ծովով ուղևորվում էր դեպի բրիտանական Ջիբրալթարի տարածք։