Գյումրի–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում
Գյումրիից Մոսկվա չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը թռիչքից ավելի քան 1 ժամ անց աղետի ազդանշան է տվել և անցել վայրէջքի։
Այս մասին հայտնել է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ Boeing ինքնաթիռը Գյումրիից թռիչքը սկսել է Մոսկվայի ժամանակով ժամը 11։24։ Ավելի քան մեկ ժամ անց՝ Դաղստանի երկնքում, ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և իջել է մինչև 3000 մետր բարձրության վրա։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը վայրէջք է կատարելու Մախաչկալայի օդանավակայանում։
ՏԱՍՍ-ը, հղում անելով Flightradar-ի տվյալներին, գրում է, որ ինքնաթիռն ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։
Նշվում է, որ ինքնաթիռը պետք է Մոսկվա հասներ տեղական ժամանակով ժամը 14։05-ին։
Ինքնաթիռը պատկանում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը, այն պետք է վայրէջք կատարեր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։
«Վնուկովո» օդանավակայանի պաշտոնական կայքի տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Ակնկալվում է, որ ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան կհասնի Մոսկվայի ժամանակով ժամը 16։45-ին։



