Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր
Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ:
Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը:
Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում կայուն զարգացման հարցերը:
«Ժամանակակից աշխարհի մարտահրավերները պահանջում են համապատասխան լուծումներ՝ միտված տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմանն ու թվային գործիքների ներդրմանը կրթության կազմակերպման գործընթացում:Այս առումով չափազանց կարևորում ենք հատկապես միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, փորձի փոխանակումն ու համապատասխան հարթակների ստեղծումը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ընդգծելով, որ ՀՀ-ում ընթացող կրթության ոլորտի բարեփոխումներում մեծ տեղ է տրվում թվայնացմանը՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, հանրակրթության ոլորտի արդյունավետ կառավարմանն ուղղված մեխանիզմների ներդրմանը և այլն:
Նախարարն այցելել է նաև Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիա, ծանոթացել կառույցի գործունեությանը: Նշվել է, որ Էլեկտրոնային կառավարման ակադեմիան հասարակությունների թվային վերափոխման առաջատար խորհրդատվական կազմակերպություն է՝ միտված թվային ծառայությունների ամբողջական շրջանակի ստեղծմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ակադեմիայի գործունեությունը՝ նշելով, որ Հայաստանում ևս մի շարք ոլորտներում ակտիվորեն իրականացվում է թվայնացման գործընթաց:
Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններին առնչվող այլ հարցեր: