Եղել են նախազգուշացումներ, որ հետ կանգնեմ նախագծի զեկուցումից. Նազենի Բաղդասարյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի նախագծին, որի համար իրեն սպառնալիքներ են հնչեցվել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի կողմից:
«Եղել են նախազգուշացումներ, տեղեկատվության փոխանցում, որ հետ կանգնեմ նախագծի զեկուցումից»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իրեն ասել են՝ հետ կանգնել այս նախագծից, քանի որ երեխա ունի։
Նրա խոսքով՝ այս պահին չի կարող իրավական գնահատական տալ և ասել, որ դա հստակ սպառնալիք է եղել, բայց փաստն այն է, որ ուղղորդումներ են եղել։ «Ես երբեք ինչ-որ հորդորներից չեմ կաշկանդվել, բայց քանի որ դա անմիջապես երեխայի անվտանգությանն էր վերաբերում, դրանից հետո միայն ստիպված եղա այդ մասին բարձրաձայնել»,- նշեց Նազենի Բաղդասարյանը։
Նա նաև ասաց, որ իրեն դեռ բացատրության չեն հրավիրել։ Միաժամանակ նշեց, որ իրեն լրացուցիչ անվտանգության միջոցներ չեն տրվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում։
Հարցին՝ կոնկրետ ո՞ւմ կողմից են հորդորները եղել, պատգամավորը պատասխանեց. «Տարբեր մարդկանց կողմից են եղել, որոնք հնչեցրել են պարոն Վարդան Ղուկասյանի անունը»: