«Best Life-ում» կատարված վիրահատությունները որակական առումով չեն զիջում, նույնիսկ որոշ դեպքերում, գերազանցում են զարգացած եվրոպական երկրներում իրականացված միջամտություններին. Քոչարյան
Սրտանոթային հիվանդություններն ավելի արագ են զարգանում, քան բժշկությունը... «Best Life» հայ-ճապոնական Բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժ Արման Քոչարյանը, ով ոլորտում է արդեն 23 տարի, InfoPort.am-ի «Առողջապահություն» խորագրի ներքո պատմել է ինվազիվ և բաց վիրահատությունների, սրտանոթային ոլորտում ախտորոշման մեթոդների առաջընթացի, դրանով պայմանավորված հիվանդությունների վաղ կանխարգելման բնագավառում գրանցված հաջողությունների, այդ ամենի ֆոնին պացիենտների աճող դիմելիության և դրա պատճառների մասին:
-Պ-ն Քոչարյան, ո՞վ կարող է դիմել «Best Life» բժշկական կենտրոն:
- «Best Life» բժշկական կենտրոն կարող են դիմել ցանկացած տեսակի սրտային պաթոլոգիա ունեցող հիվանդներ` բնածին, ձեռքբերովի արատներով, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող պացիենտներ: Մեր հիվանդանոցին կից գործում է նաև պոլիկլինիկա, որտեղ կարող են դիմել այնտեղ գրանցված քաղաքացիները: Պոլիկլինիկայում նրանք ստանում են առաջին օղակի բժիշկի խորհրդատվություն, ով նրանց անհրաժեշտության դեպքում ուղղորդում է նեղ մասնագետի մոտ։ Եթե դրանք սրտային պաթոլոգիաներ ունեցող հիվանդներ են, ապա համապատասխան բուժօգնություն ստանալու համար պետք է բարձրանան ընդամենը մեկ հարկ վերև:
-Ի՞նչ մեթոդներով եք իրականացնում վիրահատությունները:
-Մեր կենտրոնում այսօր արդի բժշկությանը հայտնի սրտային հիվանդությունների բուժման հետ կապված բոլոր մեթոդները կիրառվում են՝ նախնական դիագնոստիկա, ինվազիվ սրտաբանական միջամտություններ ( կորոնորագրաֆիա, ստենտավորում), ինվազիվ առիթմոլոգիական միջամտություններ, սրտի բաց վիրահատություններ:
-Իսկ ո՞ր դեպքում է անհրաժեշտություն առաջանում սրտի բաց վիրահատության դիմել։
-Երբ կա այդպիսի ցուցում: Այսինքն, երբ հիվանդության բուժման ոչ վիրահատական բոլոր մեթոդները սպառված են, կոնսերվատիվ միջամտությունները ոչ էֆֆեկտիվ են, գալիս է բաց վիրահատական միջամտության անհրաժեշտությունը:
Պետք է նշեմ, որ «Best Life-ում» կատարված վիրահատությունները որակական առումով չեն զիջում, կարող եմ ասել նույնիսկ, որոշ դեպքերում զգալիորեն գերազանցում են զարգացած եվրոպական երկրներում իրականացված միջամտություններին: Այս մասին է վկայում վիճակագրությունը:
-Կա՞ն սրտանոթային համակարգի հետ կապված միջամտություններ, որոնք այդուհանդերձ, Ձեր կլինիկայում չեն իրականացվում։
-Ոչ, չկա սրտային որևիցե պաթոլոգիա, որի բուժումը մեզ մոտ տեխնիկական հագեցվածության կամ մասնագիտական որակավորման պատճառով չիրականացվի: Այս ոլորտում ընդամենը մեկ տեսակի վիրահատություն կա՝ սիրտ-թոքային փոխպատվաստումը, որը չի կատարվում ոչ «Best Life-ում», ոչ էլ հայաստանյան այլ կենտրոններում, որովհետև ՀՀ-ում չկա օրինական կարգավորում: Բայց դա էլ զուտ օրենսդրական, բայց ոչ մասնագիտական կամ տեխնիկական բացի պատճառով է: Ուղղակի օրենքով թույլատրված չէ Հայաստանում սրտի փոխպատվաստումը:
-Անդրադառնանք ձեր բաժանմունքի մատուցած ծառայություններին...
-Մեր բաժանմունքում կատարվում են արդի բժշկությանը հայտնի բոլոր տեսակի սրտի վիրահատությունները: Կատարում ենք մեծահասակների ձեռքբերովի և բնածին սրտային արատների վիրահատական շտկում, սրտի իշեմիկ հիվանդության հետ կապված վիրահատություններ: Ունենք բավականին լավ արդյունքներ, որոնք նորից եմ կրկնում, չափելի են կամ անգամ կարելի է ասել առավել են քան միջին եվրոպական նմանատիպ բժշկական կենտրոնում կատարված վիրահատական արդյունքները:
-Ո՞րն է ձեր կլինիկայի և մասնավորապես ձեր բաժանմունքի հաջողության գրավականը:
-Կլինիկայի և բաժանմունքի հաջողության գրավականը կարելի է համարել ստացված, որակյալ մասնագետների թիմային աշխատանքը, միասին որոշումներ կայացնելու ունակությունը, պրակտիկական մոտեցումների ըմբռնումը։ Ուղղակի բախտներս բերել է, որ իրար հանդիպել ենք և որոշել ենք միասին աշխատել այս բուժհաստատությունում:
-Առհասարակ սրտային հիվանդությունները Հայաստանում երիտասարդացման, թե՞ նվազման միտում ունեն: Պատճառները կնշե՞ք:
-Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Քանզի դժվար է հստակ որոշել, հիվանդությունների ստատիստիկայի ավելացումը դիագնոստիկայի առաջընթացի արդյունք է, թե իրականում պաթոլոգիաների առաջացման հաճախակիացման: Բայց պետք է նշեմ, որ բաց վիրահատությունների ենթարկվող պացիենտների տարիքը բարձրացել է։ Բաց վիրահատությունների ենթարկվողների միջին տարիքը տաս տարի առաջ հիսունից-վաթսուն տարեկան էր, հիմա այն դարձել է 65-75 տարեկանը: Ըստ իս, պատճառն այն է, որ սրտանոթային ոլորտում թռիչքաձև զարգացում ստացավ ինվազիվ սրտաբանությունը, ինչը մարդիկ առօրյայում անվանում են ստենտավորում, որը հնարավորություն է տալիս ժամանակին կանխել զարգացող հիվանդության առավել վտանգավոր դրսևորումները: Սակայն պետք է նշեմ, որ դրա հետ մեկտեղ բավականին մեծացել է դիմելիությունը:
-Դոկտոր, եթե հիվանդը մի քանի անգամ ստենտավորվել է, սակայն հետո ստիպված է դիմել բաց վիրահատության, դա լրացուցիչ խնդի՞րներ կառաջացնի նրա առողջության համար, թե՞ ոչ:
-Կարելի է ասել, դա ոչ մի նշանակություն չունի, եթե այդ միջամտությունը տեղին է արված: Սակայն, ցավոք սրտի, թե Հայաստանում, թե աշխարհում հաճախ են ոչ տեղին միջամտությունները:
-Իսկ նման վիրահատությունների մատչելիության առումով ի՞նչ կասեք:
- Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ նման վիրահատությունները Հայաստանում մատչելի են, քանզի հանրապետությունում չի գործում առողջապահության ոլորտում համապարփակ ապահովագրության համակարգը: Սա թանկարժեք և դժվարամատչելի միջամտություն է, քանզի բժշկության մեջ այս ոլորտը համարվում է բարձր տեխնոլոգիական ծառայություն, հետևաբար, թանկարժեք են օգտագործվող նյութերը, գործողությունների համար անհրաժեշտ են մեծաքանակ բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
Այս խնդրի լուծման տարբերակը, իմ կարծիքով, մեկն է` համապարփակ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում:
-Դոկտոր, կա՞ն հիվանդություններ, որոնց զուգակցման դեպքում, օրինակ, բաց վիրահատությունը ցուցված չէ:
-Այո, լինում են դեպքեր, դա իհարկե մեծ քանակ չի կազմում, բայց, ամեն դեպքում, կան հիվանդություններ, որոնք ուղղակի կամ հարաբերական հակացուցում են բաց վիրահատության համար: Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ մարդ ունի սրտի բաց վիրահատության ցուցում, սակայն տառապում է նաև ուղեկցող այնպիսի հիվանդությամբ, որը բարձրացնում է վիրահատության ռիսկերը: Այդ ժամանակ մենք ստիպված ենք լինում փնտրել բուժման այնպիսի տարբերակներ, որոնք հնարավորություն կտան թեկուզ մասամբ շտկելու սրտանոթային համակարգի խնդիրը` նվազեցնելով մահացության հավանականությունը: Այնպես որ, այո, նման դեպքեր լինում են ինչպես մեր, այնպես էլ բժշկության ցանկացած այլ ոլորտում:
-Իսկ հիմնականում, ո՞ր հիվանդություններն են դրանք:
-Չկա նման կոնկրետ հիվանդության անուն: Կա հիվանդացության աստիճան։
-Մեկ անգամ բաց վիրահատության ենթարկված անձը կարո՞ղ է երկրորդ անգամ ենթարկվել նույն միջամտությանը:
-Այո, կարող է երկրորդ, երրորդ անգամ էլ ենթարկվել: