Այսօր Գուրգեն Մարգարյանի հիշատակի օրն է
16 տարի առաջ այս օրը` փետրվարի 19-ին, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ձեռքով սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը:
2004թ. փետրվարին հայազգի սպան մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին: Դասընթացին Ադրբեջանը ներկայացնում էր հատուկ պատրաստվածություն անցած ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը:
Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնահարել քնած հայ սպային:
Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է. «Երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանիսենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ։
«Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» - պատմել է հունգարացին»:
Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։ Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել։
Ռամիլը արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել։ Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը։ Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը, որպեսզի բացեր դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը։
Դեպքից երկու տարի անց մարդասպան Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց և միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը Երևանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ: