ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հանցանքի մասին, պարոն Քոչարյան, հաղորդում ներկայացրեք. Դատավորը՝ ՀՀ երկրորդ նախագահին. 100 տոկոսով համաձայն եմ Ձեզ հետ

Հանցանքի մասին, պարոն Քոչարյան, հաղորդում ներկայացրեք. Դատավորը՝ ՀՀ երկրորդ նախագահին. 100 տոկոսով համաձայն եմ Ձեզ հետ

ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի ընթացքում պաշտպան Արամ Օրբելյանն անդրադարձավ նաև այն սպառնալիքներին, որոնք հնչեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանդիպումների ընթացքում։

«Սատկացնելու եմ...»,-փորձեց թվարկել Արամ Օրբելյանը, երբ դատավոր Սարգիս Պետրոսյանն ընդհատեց ու հորդորեց քաղաքական բաներ չասել։

«Ինձ է վերաբերում»,-միջամտեց Ռոբերտ Քոչարյանը։

«Հանցանքի մասին, պարոն Քոչարյան, հաղորդում ներկայացրեք»,-արձագանքեց դատավորը։

«Որևէ քաղաքական անձի մասին արված հայտարարություն արգելում եմ իմ դահլիճում ասել»,-շարունակեց դատավորը։

Արամ Օրբելյանն ի պատասխան հայտարարեց՝ 100 տոկոսվ համաձայն է դատավորի հետ, քաղաքական հայտարությունները, այդ թվում ՀՀ երկրորդ նախագահի կողմից արված, չպետք է քրեադատավարական կարգով քննության առարկա դառնան։

«Հենց դա էի ուզում ասել, հարգելի դատարան, Ձեզ հետ 100 տոկոսով համաձայն եմ, կիրառեք քրեադատավարական օրենսգիրքը, որպեսզի այն քաղաքական հայտարարությունները, որոնք հնչել են 2008 թվականին, սույն դատարանում քննարկման առարկա չդառնան»,-ասաց Արամ Օրբելյանն ու մի պահ ընդհատեց խոսքը՝ ջուր խմելու։

«Հետաքրքիր է, եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին»,-այդ ընթացքում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: