երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Աղիք կարելու գործիքի համար 270 հազար դրամ վերցրած բժիշկը կալանավորվել է. Կալանքն անհամաչափ է կիրառվում. Արսեն Թորոսյան

Աղիք կարելու գործիքի համար 270 հազար դրամ վերցրած բժիշկը կալանավորվել է. Կալանքն անհամաչափ է կիրառվում. Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը կարծում է, որ Հայաստանում կալանքներն օգտագործվում են անհամաչափ։

«Կարծես թե, Հայաստանում կալանքը վերածվել է միջդատական պատժի գործիքի կամ նախաքննության ժամանակ ցանկալի ցուցմունքներ կորզելու գործիքի»,– ԱԺ–ում հայտարարեց Թորոսյանը՝ դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին։

ՔՊ–ական պատգամավորը կոնկրետ դեպք մեջբերեց. «Մի քանի օր առաջ ձերբակալվել է մի բժիշկ, որը, ըստ մամուլի հրապարակումների, մեղադրվում է ապօրինի վարձատրություն ստանալու մեջ։ Ես հիմա կարդում եմ քրեական օրենսգրքի այդ հոդվածը, որի մեջ սանկցիան սկսվում է տուգանքից, այսինքն տասնապատիկից երեսնապատիկի չափով։ Ըստ մամուլի՝ բժիշկը վերցրել է 270 000 դրամ աղիք կարելու գործիքի համար, որը չի մտնում պետական պատվերի գումարի մեջ և իր հանցանքն, ըստ էության, այն է, որ կամ ՀԴՄ չի տպել, որովհետև գումար է վերցրել, կամ հիվանդանոցը ՀԴՄ չի տպել, կամ այդ գումարը պետք է պացիենտը պարզապես վճարեր այդ վաճառող կազմակերպությանը և բերեր տար բժշկին, որ վիրահատության ժամանակ տեղադրվեր։  Հիմա բժիշկը կալանավորվել է երկու ամսով։

Ես հիմա չեմ ուզում դատարանի որոշումը կասկածի տակ։ Ինձ հետաքրքիր է՝ ինչի՞ եք դուք հայցել կալանք, ինչի՞ է քննիչը այս դեպքում, երբ որ պոտենցիալ դատարանը կարող է դատապարտել այս մարդուն, օրինակ, տասնապատիկ տուգանքի, հայցել կալանք և այդ մարդը հիմա կալանքի տակ է»,–ասաց Արսեն Թորոսյանը։

Ի պատասխան Արթուր Նահապետյանը նախ ասաց, որ քանի որ նախաքննություն է ընթանում, չի ուզում կոնկրետ դեպքին անդրադառնալ. «Ես միայն կարող եմ նշել, որ ունենք հանցանքի մասին հաղորդում ներկայացրած անձ, ով հայտնել է, որ բժշկի կողմից իրենից պահանջվել է ապօրինի վարձադրություն վիրահատության դիմաց։ Մնացած մասով քննություն է կատարվում, նախաքննության շրջանակներում, այդ թվում նաև ձեր կողմից նշված վարկած պարտադիր քննության առարկա կդառնա և հանրությունը կիրազեկվի։

Ինչ վերաբերում է խափանման միջոցին, ապա, խափանման միջոց կիրառելիս նախաքննական մարմինը չի կարող առաջնորդվել միայն տվյալ հոդվածի սանկցիայով: Միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը գնահատում է այդ պահին տվյալ վարույթին խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ հնարավոր է խոչընդոտի քրեական վարույթին, այդ թվում օրինակ վկաների վրա ազդեցություն ունենալով, գործի նյութերը թաքցնելով կամ ոչնչացնելով, ապա նախաքննական մարմինը այդ կալանքի միջնորդությունն է ներկայացնելու դատարան։ Այս դեպքում ներկայացվել է 1 ամսով կալանքի միջնորդություն»։

Արսեն Թորոսյանը հակադարձեց, որ դրա համար այլ գործիքներ կան, օրինակ, փաստաթղթերի բռնագրավում, պաշտոնավարման կասեցում, ընդհուպ մինչև տնային կալանք, թեև տնային կալանքն էլ հասկանալի չէ. «Քննությունից խուսափելու փորձեր եղե՞լ են, թե չեն եղել, կրկնակի հանցագործության փորձեր եղե՞լ են, թե չեն եղել, այդ ազդեցությունը ո՞նց է գնահատվել, որ հաստատ ազդելու է։ Այդ մարդը արդյոք ունի քրեական անցյալ, ռեցիդիվիստ է, որ այդպես ամեն օր ինչ-որ քրեական հանցագործություն է իրականացնում, որ քննիչը գնացել է այդ քայլին։

Եվ երբ մենք նայում ենք վիճակագրությունը, վերանալով այս կոնկրետ մի դեպքից, ստացվում է, որ մենք ունենք ավելի շատ կալանավորված մարդ, քան դատապարտված։

Դա խոսում է այն մասին, որ կալանքները անհամաչափ են օգտագործվում և չարաշահվում է այս ինստիտուտը»,– ընդգծեց ՔՊ–ական պատգամավորը։

  • Կիսվել: