Ընդդիմությանը «լայք» դնելը չպետք է դառնա քրեական հետապնդման առարկա. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Այն պայմաններում, երբ պետության գործող ղեկավարը փողոցներում քաշքշուկներ է սարքում, ծեծի է ենթարկում անցորդներին և մարդկանց անհարմար հարցերի համար ուղարկում մեկուսարան, ունենալ նորմալ, հավասարակշռված և ադեկվատ ղեկավար, որը կայացել է կյանքում և չի տառապում բարդույթներով, շքեղություն չէ, այլ մեր պետության հիմնական պահանջմունքը։ Այս մասին այսօր Աշտարակ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նա, դիմելով քաղաքի բնակիչներին, ասել է, որ ուղիղ հինգ տարի առաջ հենց այս հրապարակից գործող իշխանությունները մեծածավալ խոստումներ էին տալիս, որոնք ի վերջո վերածվեցին ցինիկ խաբեության՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտում։ Կարապետյանը նշել է, որ այսօր երկիրը կառավարում է մի վարչակարգ, որն իր սեփական անկարողության և չկատարված պարտավորությունների պատճառով անցել է քաղաքացիների նկատմամբ համատարած հետապնդումների ու ճնշումների։
Կարապետյանը, մասնավորապես, իր վրդովմունքն է հայտնել ուսուցիչների և բուժաշխատողների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների գործելաոճի կապակցությամբ, որոնց իշխանությունները քրեական կարգով հետապնդում են սոցիալական ցանցերում «լայքերի» կամ ընդդիմությանը աջակցելու համար։
Ըստ նրա՝ մանկավարժը բարձրագույն կոչում է, և նրան նվաստացնելու ու քաղաքական գործընթացների մեջ բռնի ուժով ներքաշելու փորձերը քայքայում են կրթական համակարգը և ուսուցիչներին զրկում երեխաներ դաստիարակելու մոտիվացիայից։
«Ուժեղ Հայաստանը», Նարեկ Կարապետյանի խոսքով, երաշխավորում է, որ ամբողջական արմատախիլ կանի այդ վախը և խոսքի բացարձակ ազատություն կընձեռի։ Ընդ որում, ինչպես հայտարարել է Նարեկ Կարապետյանը, ուսուցիչների աշխատավարձը Երևանում տարեկան աճելու է 20 տոկոսով, իսկ մարզերում՝ 25 տոկոսով, և այդ կետը կատարվելու է անձամբ Սամվել Կարապետյանի պատվո խոսքի ներքո, նույնիսկ եթե պետական բյուջեն դժվարություններ ունենա։
Քարոզարշավի ընթացքում Կարապետյանը նաև մանրամասն ներկայացրել է Դաշինքի ծրագրի մյուս հիմնական կետերը, որոնք ուղղված են շարքային քաղաքացիների կյանքի անհապաղ բարելավմանը։


