Սահմանադրությունը մեր ներքին գործն է, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե ոնց այն պետք է փոխել. Մարուքյան
Ի՞նչ փոխվեց, որ հիմա որոշվեց նոր սահմանադրություն գրել: Այս մասին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին ասաց խորհրդի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«2 տարի է, մենք աշխատում ենք փոփոխությունների նախագծի վրա: Ունենք սահմանադրական փոփոխությունների նախագծի հայեցակարգի նախագիծ եւ մեկ էլ սկսել ենք քննարկել նոր Սահմանադրություն գրելու հարցը: Ինձ թվում է՝ փիղը սենյակի կենտրոնում, մենք չենք ուզում էդ փղին անդրադառնանք, կամ ուզում ենք անդրադառնանք ինչ-որ ուրիշ այլեւայլություններով: Ես գտնում եմ, որ իմ պատկերացրած սահմանադրական համատեքստը, որ մենք ունենք, հնարավորություն չի տալիս անփոփոխելի հոդվածները վերանայել: Բնականաբար, կա երկրորդ կարծիք, որ եկեք, կգրենք, կուղարկենք ՍԴ , ՍԴ-ն կասի՝ կարող ենք փոխել, թե չենք կարող՚, դա էլ է տարբերակ, մնացած ամեն ինչ քննարկելի է եւ ես կարծում եմ, մեր Սահմանադրության թե նախաբանը, թե առաջին հոդվածը , թե երկրորդ հոդվածը, դրանք որեւէ կերպ ՀՀ կենսական շահերին դեմ չեն կարող օգտագործվել, հետեւաբար դրանք ինձ համար փոփոխվելու ենթակա չեն»,-ասաց նա:
Մարուքյանը նաեւ շեշտում է, որ Սահմանադրությունը մեր ներքին գործն է, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե ոնց այն պետք է փոխել:
«Դրանք անփոփոխելի են եւ քննարկման ենթակա չեն»,-ասաց նա:


