Ռուսաստանի հետ կապերը խզելու օրակարգ ՀՀ-ն չունի. Միրզոյան
ՌԴ-ի հետ քաղաքական, տնտեսական կամ որևէ այլ կապերը խզելու օրակարգ ՀՀ-ն չունի, այդպիսի քաղաքականություն չի վարվում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի, այդպիսի քաղաքականություն չի վարվում, ասել է Միրզոյանը:
Այս ամենն ուղիղ ասվում է նաև մեր միջազգային գործընկերներին, որպեսզի թյուրըմբռնում չլինի, մենք հարաբերություններ ենք խորացնում, կառուցում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որպեսզի ճիշտ հասկանան ակնկալիքները:
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ։ Եթե մի օր հարց ծագի անդամակցել ԵՄ-ին, չի կարող հարց չծագել ԵՏՄ-ի մասով։ Երբ այդ պահը գա, մենք կնստենք ու որոշում կկայացնենք՛՛:
Նախարարը նաև վստահեցրեց, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը, որը գտնվում է Շիրակի մարզում, ՀՀ իշխանությունների օրակարգում չէ։
Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք Ռուսաստանը հիբրիդային պատերազմով սպառնու՞մ է Հայաստանին, ինչպես ասել է եվրոպացի չինովնիկը Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու ժամանակ, նախարար Միրզոյանն արձագանքց. ՛՛Ապատեղեկատվության մի զգալի մաս չի գալի՞ս ռուսական փորձագետից, պատգամավորից։ Հետևաբար՝ հիբրիդային սպառնալիքներ կարող են գալ տարբեր տեղերից, այդ թվում Ռուսաստանից՛՛:


