AP․ ՆԱՏՕ-ն կկրճատի գագաթնաժողովների անցկացումը՝ Ուկրաինայի և ռազմական ծախսերի շուրջ տարաձայնությունների պատճառով
ՆԱՏՕ-ն չեղարկել է 2027 թվականին Ալբանիայում նախատեսված հաջորդ գագաթնաժողովը՝ դաշինքի ներսում ռազմական ծախսերի, Իրանի և Ուկրաինայի պատերազմների շուրջ խորացող տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Գործակալությունը մեջբերել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային, որը հայտարարել է, որ գագաթնաժողովի անցկացման ժամկետի վերաբերյալ դեռևս ընդհանուր դիրքորոշում չկա, սակայն այն հաստատ 2027 թվականին չի կայանա։ Նրա խոսքով՝ եթե գագաթնաժողովն անցկացվի 2028 թվականին, ապա այն պետք է տեղի ունենա Տիրանայում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, իր հերթին, խուսափել է ուղիղ պատասխանից՝ նշելով, որ դաշինքը ճկուն մոտեցում ունի գագաթնաժողովների անցկացման հարցում և դրանք կազմակերպում է անհրաժեշտության դեպքում։
Մինչև 2014 թվականը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները տարեկան մեկ կամ երկու անգամ էին անցկացվում, սակայն վերջին տասնամյակում դրանք դարձել են ամենամյա։
Ավելի վաղ Politico-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ դաշինքի կենտրոնակայանում մտահոգված են գագաթնաժողովն այնպիսի երկրում անցկացնելու հարցով, որն ունի ՆԱՏՕ-ի անդամների շրջանում ռազմական ծախսերի ամենացածր ցուցանիշը։ Ըստ ՆԱՏՕ-ի տվյալների՝ 2025 թվականին Ալբանիան դաշինքի 32 անդամների շարքում վերջին տեղում էր՝ պաշտպանության ոլորտին հատկացնելով ՀՆԱ-ի 1.48 տոկոսը։
Նման իրավիճակ էր ստեղծվել նաև 2026 թվականի հուլիսին Անկարայում կայացած գագաթնաժողովի ժամանակ, որի օրակարգը հնարավորինս կրճատվել էր՝ ռազմական ծախսերի, Իրանի և Ուկրաինայի շուրջ անդրատլանտյան տարաձայնությունները նվազեցնելու համար։


