Ռուսական կողմը տեղում քայլեր է ձեռնարկում, այնտեղ են նաեւ ադրբեջանական ներքին զորքերը. Տիգրան Աբրահամյան
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները փորձում են կանխել Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելու մասին նախաձեռնությունը վերջնական ավարտին հասցնելը: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Իրավիճակը զարգանում է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամրջի վրա: Հակարի գետը եւ կամուրջը գտնվում են Հայաստանի Հանրապետության Կոռնիձոր գյուղի անմիջական մատույցներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը, ըստ էության, միակողմանի «զոռբայությամբ» փակել է կամուրջը եւ փորձում է հսկիչ անցագրային կետ տեղակայել, տպավորությունս այն է, որ ՌԴ-ն տեղյակ չի եղել Ադրբեջանի նախաձեռնությունից: Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները փորձում են կանխել Ադրբեջանի կողմից իր նախաձեռնությունը վերջնական ավարտին հասցնելը: Դա ակնհայտ էր նաեւ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունից, որը արձանագրում էր, որ ՌԴ-ի հետ դա համաձայնեցված չի եղել, եւ միջանցքի տրամաբանության փոփոխությունը հակասում է եռակողմ փաստաթղթի դրույթներին»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ անկհայտ է, որ խախտվել է նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածությունը. «Դրանից ելնելով՝ ՌԴ-ն ամեն ձեւով փորձում է տեղում կանխել այդ անցակետի ռեժիմի գործարկումը: Տեղում բանակցությունները գնում են փոքր մակարդակով, բայց հիմնականը տեղափոխված է քաղաքական մակարդակ: Թե ինչ արդյունք կլինի, այս պահին շատ դժվար է ասել»:
Հարցին՝ արդյո՞ք մինչեւ այդ իրավիճակին հասնելը հնարավոր չէ՞ր քայլեր ձեռնարկել, պատգամավորն ասաց.
«Ադրբեջանի լկտիությունը գալիս է այն հանգամանքից, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո այդ դրույթները Ադրբեջանի կողմից բազմիցս խախտվել են, եւ որեւէ ձեւով պատշաճ արձագանք չեն ստացել: Դա վերաբերում է օրինակ՝ նախորդ տարի Փառուխի հայտնի դեպքերին, երբ Ադրբեջանը խախտում արեց եւ ավելի մեծ վերահսկողություն ստացավ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի որոշ հատվածների նկատմամբ: Նույնը վերաբերում է 2022 թվականի օգոստոսին Բերձորը շրջանցող երթուղու կառուցման ժամանակ երբ Ադրբեջանը փորձում էր այդ խաղը տեղափոխել սեփական մեկնաբանման եւ տրամաբանության դաշտ, դրան ոչ համարժեք քայլերն էր, որ բերեց նրան, որ Ադրբեջանում սկսեցին կարծել, որ կարող են նաեւ անցակետ տեղակայել եւ մարսել»:
Աբրահամյանը նշեց, որ առայժմ պարզ չէ, թե գործընթացն ինչ ուղով կընթանա. «Դժվար է ասել՝ վերջնական արդյունքում կունենանք անցակետ, թե՝ քաղաքական ճանապարհով հանգուցալուծման գնալը եւ մնա այն ռեժիմը, որը գործել է: Երբ ես ասում եմ, որ ռուսական կողմը տեղում քայլեր է ձեռնարկում, դա հիմնված է այն տեսանյութերի եւ տեղում այդ ճանապարհին մնացած մարդկանց վկայությունների վրա, որոնք ի ցույց են դնում եւ ադրբեջանական զորքերի, այնտեղ նաեւ ադրբեջանական ներքին զորքն է գործում, նաեւ հակատանկային միջոցներ են տեսանելի, մեծ թվով զորատեսակներ են առաջ քաշված: Ռուսական կողմը փորձել է խաղաղապահների միջոցով որոշակի ուժ եւ դիմակայություն տեղում ստեղծել»:
Հարցին՝ ո՞վ պետք է պատժեր Ադրբեջանին, Աբրահամյանը պատասխանեց. «Այստեղ եռակողմ փաստաթղթի երեք կողմ կա: Հայաստանի քաղաքական իշխանությունը եւ նրա ղեկավարը փաստացի հայտարարում են, որ իրենք տեր են միայն Հայաստանի Հանրապետության տարածքին եւ Արցախի հետ կապված հարցերը դիտարկում են բացառապես հումանիտար բնույթի հարցերի համատեքստում: Այս իրավիճակում, բնականաբար, սպասել կամ ակնկալել Հայաստանի իշխանություններից համարժեք քայլեր, տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ռուսաստանը կոնկրետ պարտավորություններ ունի այդ միջանցքի հետ կապված: Բնական է, որ առաջին հերթին ակնկալիքները ՌԴ-ից է: Միջազգային հանրություն ասելով նաեւ նկատի ունենք ԵՄ, ԱՄՆ, որովհետեւ միջազգային տարբեր կառույցներ նաեւ համապատասխան բանաձեւեր են ընդունել, միջազգային արդարադատության տարբեր մարմիններ են որոշումներ կայացրել, սակայն Ադրբեջանը դրանք չի իրականացնում: Չիրականացնելը ենթադրում է, որ դրանք նաեւ միջազգային կառույցներում շատ ավելի բարձր քաղաքական մակարդակով պետք է քննարկվեին, ինչը չի արվել: Եթե այդ երեք կենտրոններն Ադրբեջանի վրա կամ պատժամիջոցների սպառնալիք ներկայացնեին, կամ ճնշումներ ձեռնարկեին, բնական էր, որ Ադրբեջանը կընկրկեր: Իրավիճակը գնալով շատ ավելի ծանր բնույթ է սկսում վերցնել»:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ինքը ՀՀ իշխանությունների քայլերը, հաշվի առնելով նաեւ այն, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց. «Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք այլեւս Արցախի նկատմամբ ան անվտանգության երաշխավորի առաքելություն չունեն: Սա Ադրբեջանի համար այն հիմնական խթանող միջոցներից է եղել, որը բերել է տվյալ իրավիճակին: Ադրբեջանի համար ակնհայտ է դարձել, որ Հայաստանի իշխանությունը մտադիր չէ մտնել այս գործընթացի մեջ, ինչն էլ կանաչ լույս է վառել այս գործընթացներում: Առաջին գործող դերակատարն այստեղ պետք է լիներ Հայաստանը»:


