Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2025 թվականի դեկտեմբերի 31-ից պաշտոնապես դադարեցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը: Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը զեկուցել էր, որ հին կենտրոնացված մոդելից հրաժարվելու արդյունքում հիվանդանոցային խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ-ի մասնագիտացված ստորաբաժանում կամ բուժումը կստանան քաղաքացիական հիվանդանոցներում:
Սակայն հարցը միայն հիվանդ կալանավորներին տեղավորելը չէ, այս լուծարման հետեւանքով հիմնարկի բազմաթիվ աշխատակիցներ են կրճատվել, մնացել առանց աշխատանքի: Ստեղծված իրավիճակում կրճատված աշխատակիցներն իրենց իրավունքների վերականգնման համար արդեն դիմել են դատարան: Մասնավորապես՝ լուծարված հիվանդանոցի անվտանգության ծառայության պետ Վարդան Բալդրյանը, մեր տեղեկություններով, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, վերականգնել իր իրավունքները եւ հարկադիր պարապուրդում եղած ժամանակահատվածի համար վճարել։
Մենք փորձեցինք պարզել, թե հատկապես ինչ պատճառով է աշխատանքից ազատվել Վարդան Բալդրյանը, սակայն Քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ պետի որոշումները չեն հրապարակվում։ Սա նշանակում է, որ հանրությանը հրաժարվում են տեղեկացնել, թե կոնկրետ ինչ հիմքով, ինչու է պետական ծառայողն ազատվել աշխատանքից։
Այս ֆոնին բնական հարց է առաջանում՝ իսկ Դատապարտյալների հիվանդանոցի մյուս աշխատակիցներն աշխատանքով ապահովվե՞լ են։ Ինչպես պաշտոնական պարզաբանմամբ մեզ հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից, հիմնարկի անձնակազմի միայն մի մասն է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատելու։ Որոշ աշխատակիցներ հրաժարվել են շարունակել իրենց գործունեությունն այնտեղ, քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ն տարածքային առումով բավականին հեռու է, եւ հենց այդ հեռավորությունից ելնելով՝ հրաժարվել են տեղափոխվել։



