Պուտինն ընդունել է Թրամփի բանագնացներին. մոտ 4 ժամ բանակցել են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆֆին ու Ջարեդ Քուշներին։
Պուտինի օգնականը Մոսկվայում կայացած բանակցությունները որակել է բովանդակալից և օգտակար։
«Բանակցությունները տևել են մոտ չորս ժամ և եղել են շատ բովանդակալից, կառուցողական, իսկ ես կասեի՝ առավելագույնս, առավելագույնս անկեղծ և վստահելի», – ասել է Ուշակովը։
Հանդիպումը սկսվել է երեկոյան ժամը 23:25-ին։
«Հատկապես կցանկանայի ընդգծել, որ երկկողմ ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման հարցերը քննարկվել են կոնցեպտուալ մակարդակում՝ ելնելով նրանից, որ մեր երկրներն ունեն հսկայական ներուժ համագործակցության համար տարբեր ոլորտներում», – նշել է Ուշակովը։
Նրա խոսքով, Պուտինը շեշտել է Ռուսաստանի «անկեղծ հետաքրքրությունը» դիվանագիտական լուծման հարցում։
Ուշակովը նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թրամփի նախաձեռնությունը՝ «խաղաղության խորհրդի» ստեղծման վերաբերյալ, մի շարք տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Գրենլանդիայի շուրջ իրավիճակը։
Նրա խոսքով՝ Մոսկվան առաջարկել է «խաղաղության խորհրդի» բյուջե ուղղել 1 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներից։ «ԱՄՆ-ի կողմից սառեցված ռուսական պահուստների մնացած միջոցները հնարավոր կլիներ ուղղել ռազմական գործողությունների ընթացքում տուժած տարածքների վերականգնմանը՝ արդեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո»,- հավելել է Ուշակովը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները և ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների կառավարման դաշնային գնումների ծառայության հանձնակատար Ջոշ Գրունբաումը։


