չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
ԱՊՀ գագաթնաժողով. ՀՀ-ն ու Հարավային Կովկասը՝ տարածաշրջանային օրակարգի կենտրոնում. «Коммерсантъ»

ԱՊՀ գագաթնաժողով. ՀՀ-ն ու Հարավային Կովկասը՝ տարածաշրջանային օրակարգի կենտրոնում. «Коммерсантъ»

Հայաստանը և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կարող են դառնալ ԱՊՀ գագաթնաժողովի կարևոր թեմաներից մեկը, որը հոկտեմբերի 8-ին կանցկացվի Թուրքմենստանում: Այս մասին գրում է «Коммерсантъ» պարբերականը։

Նշվում է, որ, ըստ հոդվածի հեղինակ Սերգեյ Ստրոկանի, հանդիպումներին առանձնահատուկ նշանակություն է հաղորդում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջին մասնակցությունը գագաթնաժողովին, ինչպես նաև տարածաշրջանային «3+3» ձևաչափի հետագա զարգացման քննարկումը։

Գագաթնաժողովի նախապատրաստության մասին պատմել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ նիստին մասնակցությունը հաստատել են ԱՊՀ անդամ պետությունների ինը ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անկախ պետությունների համագործակցության պատմության մեջ առաջին անգամ ընդլայնված նիստին կմասնակցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպումը Աշխաբադում առայժմ նախատեսված չէ։ Ուշակովը չի բացառել, որ ռուս և հայ ղեկավարները կկարողանան շփվել գագաթնաժողովի այլ միջոցառումների ընթացքում։

Հաղորդվում է նաև, որ Փեզեշքիանի այցը տեղի է ունենում Հայաստանի հետ Իրանի շփումների ակտիվացման ֆոնին։ Թուրքմենստան մեկնելուց առաջ Իրանի նախագահը Թեհրանում ընդունել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Կողմերը քննարկել են ենթակառուցվածքային նախագծերի զարգացումն ու էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։

Միրզոյանը բանակցություններ է վարել նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Քննարկված հարցերի թվում էին հայ-իրանական սահմանին երկրորդ կամրջի կառուցումը, էլեկտրահաղորդման երրորդ գծի ավարտը և երկու երկրների միջև բեռնափոխադրումների պարզեցումը։

Թեհրանը հաստատել է Հարավային Կովկասում բազմակողմ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, դրանց թվում՝ «3+3» ձևաչափի շրջանակում։ Միաժամանակ Արաղչին հայտարարել է տարածաշրջանի գործերին «ոչ տարածաշրջանային երրորդ ուժերի» միջամտության անթույլատրելիության մասին։

Զուգահեռաբար ընդլայնվում են հայ-թուրքական շփումները։ Երևանում անցկացվել են բանակցություններ թուրքական պատվիրակության հետ՝ Էլեկտրաէներգիայի փոխանցման կազմակերպության գլխավոր տնօրեն Մուստաֆա Փուստուի գլխավորությամբ, գրում է պարբերականը։

Կողմերը քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնումը և երկու երկրների էներգահամակարգերի հետագա միավորման հնարավորությունը։

Ընդգծվում է, որ միևնույն ժամանակ, Մոսկվան շարունակում է ընդգծել Հայաստանի հետ տնտեսական կապերի նշանակությունը։ Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է հանրապետություն ռուսական գազի մատակարարումների պահպանման կարևորության մասին և կոչ է արել Երևանին հաշվի առնել էներգամատակարարման պայմանների հնարավոր փոփոխության տնտեսական հետևանքները։

Առանձին ուշադրություն ռուսական կողմը դարձրել է TRIPP նախագծին՝ Սյունիքով անցնող տրանսպորտային երթուղուն, որը պետք է կապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Մոսկվան հայտարարում է, որ նախագծի շուրջ շարունակում են մնալ դրա իրագործման և ապագա ենթակառուցվածքների հետ կապված մի շարք հարցեր։

  • Կիսվել: