ԹՐԻՓՓ-ի շուրջ աժիոտաժը չի համապատասխանում իրականությանը, Իրանում բավարարված են. Արարատ Միրզոյան
Իրանում առնվազն իմ տպավորությամբ և իմ լսածից եզրակացնում եմ, որ ԹՐԻՓՓ-ի շուրջ այն աժիոտաժը, որը երբեմն միտումնավոր ներկայացվում է որոշ մեդիառեսուրսների կողմից, որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից, ամենևին չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Իրան այցին հետո՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
«Իրանում իմ տպավորությամբ՝ բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ ողջ գործընթացի մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև այն տնտեսական հնարավորություններով, որ այդ նույն ենթակառուցվածքների ապաշրջափակումը և վերագործարկումը ընձեռելու է հենց Իրանին և իրանցի գործարարներին։
Շատ լավ քննարկում ենք ունեցել ԹՐԻՓՓ-ի շուրջ, հարցեր են հնչել տրվել են պատասխաններ, մնացածը նույն սերիայից է, որը փչվում է, թե վայ, Իրանը արգելափակում է ԹՐԻՓՓ-ի գործունեությունը, վայ, Ալիևը նոր պահանջներ է դրել Հայաստանի առաջ, վայ, հայկական ծիրանը չվաճառվեց, վայ, մեր մահը մոտ է, այս ամենն արվում է սկսել պատերազմ սկսելու, փրկիչի օգնությանը դիմելու համար: Սցենարը պարզ է»։



