չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Ազգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակները

Ազգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակները

ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը, Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Արման Ավչյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել են Հունգարիայի Ազգային ժողովի ազգային փոքրամասնությունների խոսնակների պատվիրակության հետ։

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարևորել է Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ամրապնդումը։ Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն արժևորել է երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը, ինչը համագործակցության ընդլայնման ամուր հիմք է։

Հայկ Կոնջորյանը խոսել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի խորացման ու տարբեր հարթակներում արդյունավետ փոխգործակցության մասին՝ այդ հարցում ընդգծելով բարեկամական խմբերի կարևոր դերակատարությունը։

ԱԺ փոխխոսնակը նաև համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, գործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա։

Հայկ Կոնջորյանը հյուրերին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ու ՀՀ Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին:

ՀՀ ԱԺ պատգամավորների խոսքով Հայաստանում պետական մակարդակով հատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ Տեղեկացվել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի վերջիններիս առնչվող օրենսդրական նախաձեռնություն։

  • Կիսվել: