չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Պետք է գնալ և փորձաքննության ենթարկվել և Հայաստանի քաղաքացուն ապացուցել, որ դուք բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ ընդդիմությանը

Պետք է գնալ և փորձաքննության ենթարկվել և Հայաստանի քաղաքացուն ապացուցել, որ դուք բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ ընդդիմությանը

Պաշտպանության նախարարի հրաժարականը պահանջելու կամ հորդորելու սուբյեկտները «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքները չեն, դրա համար կարգ կա խորհրդարանում, եթե նման ցանկություն ունեք, կազմակերպեք, ես էլ կգամ ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ, իմ կողմից էլ ասելիք կունենամ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, որի մասին խոսել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

«Ինչ վերաբերում է հորդորելուն, բնականաբար, ես էլ իմ հերթին պետք է հորդորեմ Արթուր Խաչատրյանին ստեր չտարածել, իսկ Նարեկ Կարապետյանին կհորդորեմ բանակի ու անվտանգային համակարգի մասին խոսելիս հիշել նախընտրական փուլի իմ հորդորները. Նախ պետք է գնալ և փորձաքննության ենթարկվել և Հայաստանի քաղաքացուն ապացուցել, որ դուք բանակից չեք ճողոպրել»,–ասաց նա։

Անդրադառնալով բանակում սպանությունների ու ինքնասպանությունների վիճակագրությանը, նախարարն ասաց. «Տեղեկատվությունը հրապարակային է, ի տարբերություն այլ գերատեսչությունների, ՊՆ–ն տարեկան ինֆորմացիա է տալիս դատախազության զեկույցի ժամանակ, երբ զինվորական դատախազը տեղեկություններ է տալիս բանակումն տեղի ունեցող պատահարների մասին։

Բանակի պատահարները լինում են երկու տեսակի, դեպքեր, որոնք կապ ունեն ծառայության հետ, դեպքեր, որոնք ծառայության հետ առնչություն չունեն։ Ավելին ասեմ, ծառայության հետ կապ ունեցող դեպքերը իրենց հերթին կարելի է բաժանել մի քանի խմբի, այսինքն ծառայության ընթացքում արձանագրվող մահը, որը կարող է տեղի ունենալ սրտի կաթվածից, ճանապարհատրանսպորտային միջադեպից և այլ նմանատիպ դեպքերից, որոնք ոչ մի կապ չունեն ոչ կանոնադրային հարաբերությունների հետ, ոչ քրեական ենթամշակույթի հետ, բայց քանի որ մեր շատ սիրելի ընդդիմությունը և ընդհանրապես նաև նրանց հորդորով, ցանկությամբ կամ կենտրոնի հրահանգով, այդ ամենը ներկայացվում է ցունամիի տեսքով, բնականաբար ամեն ինչ խառնվում է իրար։

Ընդ որում մեր լրագրողներ էլ իրենց հերթին թվերը հատուկ, միտումնավոր խառնելու, խախտելու ձևով են առաջնորդվում։ Երեկ էլ ես լսել եմ Հանրապետության վարչապետի հետ Խնդրում եմ ավարտեք հարցազրույցի ժամանակ, թվեր են հնչել, որոնք իրականության հետ կապ չունեն»։

  • Կիսվել: